30 փաստաբան սատարելու է գնացել Արգիշտի Կիվիրյանին (տեսանյութ, թարմացված)

17:48 • 28.08.13

Այս պահին ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև է քաղաքացի Արգիշտի Կիվիրյանը, ում այնտեղ սատարելու է գնացել փաստաբանների պալատի 30 փաստաբան: Այնտեղ լրագրողների հետ զրույցում Արգիշտի Կիվիրյանն ասաց, որ իրեն հարցաքննության են հրավիրել Քրեական օրենսգրքի 316 հոդվածի համաձայն, թե ինչ կարգավիճակով, նա հստակ չգիտի, սակայն ենթադրում է, որ որպես վկա:


Նա նշեց, որ ոստիկանության աշխատակիցներից մեկը հենց այդ հոդվածով է բողոք ներկայացրել: «Ես իրականում պետք հրավիրվեի որպես տուժող, բայց գիտենք ինչպես է լինում Հայաստանում, դուք կարող եք հրավիրվել որպես վկա, հինգ րոպե հետո դառնալ կասկածյալ, տասը րոպե հետո՝ մեղադրյալ»,- ասաց նա:


Tert.am-ի հարցին, թե արդյոք ինքը վճարել է 30 փաստաբանների ծառայության դիմաց, նա պատասխանեց, որ ինքը երկար տարիներ աշխատել է որպես փաստաբան և այսօր իր կոլեգաները եկել են իրեն օգնելու: «Շուրջ 100 փաստաբան ինձ օգնելու պատրաստակամություն է հայտնել»,- ասաց նա:

 


18։08

Չնայած աշխատանքային ժամն արդեն ավարտվել է, սակայն Արգիշտի Կիվիրյանը 30 փաստաբանների հետ դեռևս դրսում է: Նա պահանջ է ներկայացրել ՀՔԾ՝ ներկայանալ իր 30 փաստաբանների հետ միասին, որտեղից խոստացել են, որ իրենց համար համապատասխան պայմաններ կստեղծեն և կհրավիրեն ներս: Սակայն մինչ այժմ ՀՔԾ-ից դեռևս արձագանք չկա: