Սպիտակն է սև անվանվում. Խաչատրյանների փաստաբանը հերքում է Բուդաղյանների փաստաբանին
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդի Տիգրան Խաչատրյանի փաստաբան Ռուբեն Սահակյանն այսօր լրագրողներին ներկայացրեց Խաչատրյանների տան մոտ տեղի ունեցած դեպքի իրենց տարբերակը՝ հայտարարելով, թե Բուդաղյանների փաստաբանի հայտարարությունը, որ Խաչատրյանների կողմը սևը սպիտակ է անվանում, հակառակն է, այսօր սպիտակն է սև անվանվում:
«Այսօր փորձ է արվում կրկին շարունակել ապատեղեկատվությունը, ասում են, որ դատախազությունը գլխիվայր շուռ է տալիս փաստերը: Ես շատ վրդովված եմ զինվորական դատախազության վրա, ավելի շատ մենք ենք վրդովվել, քան Բուդաղյանները: Զարզանդ Նիկողոսյանը անազատության մեջ չպետք է լիներ»,- ասաց նա՝ նկատի ունենալով Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի հայտարարությունը, թե ՀՀ զինվորական դատախազությունը դեպքի առթիվ ապատեղեկատվություն տարածողներից մեկն է:
Վերջինս նաև նշեց, թե իրենք մտահոգություն ունեն, որ Արտակ Բուդաղյանի զինվորական լինելու հետ կապված զինդատախազությունը հնարավոր է նրանց օգտին աշխատի:
Գործի առթիվ մեղադրվող Տիգրան Խաչատրյանի շահերի պաշտպանը տեղի ունեցածը ներկայացրեց հետևյալ կերպ. «Արտակ Բուդաղյանն իր մեքենայով, գինովցած գնացել է Խաչատրյանների տան մոտ, տեղի է ունեցել փոքրիկ լեզվաբանավեճ։ Ավետիք Բուդաղյանը պահանջել է կանչել Սուրիկ Խաչատրյանին, ասել են, որ քնած է, և նա հեռացել է, կես ժամ անց նորից եկել է, նրան են մոտեցել Խաչատրյանի տղան և զարմիկը, ասել են՝ «Գնա, ինչու ես եկել», ասել է՝ «Չէ, կանչեք Սուրիկ Խաչատրյանին»: Ըստ մեր նյութերի՝ Ավետիք Բուդաղյանը վրդովված է եղել, որ Սուրիկ Խաչատրյանը չի սաստել իր թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանին, քանի որ ինքը Զարզանդի հետ վեճ էր ունեցել»:
Փաստաբանը պատմելով տեսանյութը՝ ներկայացրեց, թե պարզ երևում է, որ Արտակ Բուդաղյանը զենքը պահում է Խաչատրյանների վրա, նույն պահին Տիգրան Խաչատրյանը գնում է զենք բերելու և այդպիսով իրավիճակը սրվում է:
Վերջինիս ներկայացմամբ՝ տարածված տեսանյութը, որն ասում են, թե մոնտաժված է, նույնպես ապատեղեկատվությունների շարքից է: «Մենք Սուրիկ Խաչատրյանի պաշտպանները չենք, նա պաշտպանության կարիք չունի, ավելի շատ պաշտպանության կարիք ունեն նրա հարազատները»,- ասաց նա:
Վերջինիս խոսքով՝ Սուրիկ Խաչատրյանի օգնական Զարզանդ Նիկողոսյանն էլ ապօրինի է գտնվում կալանքի մեջ: Իսկ ինչ վերաբերում է դեպքի մյուս մասնակից Խաչատրյանների մերձավորներից Նիկոլայ Աբրահամյանին, ապա Տիգրան Խաչատրյանը տեսնելով, որ իր մերձավորը վիրավոր է, կրակել է Ավետիք Բուդաղյանին:
Փաստաբանն անդրադարձավ նաև Բուդաղյանների հայր Էմիլ Բուդաղյանի՝ ՀՀ նախագահին ուղղված նամակին, որտեղ վերջինս պահանջում է քրեական գործ հարուցել Սուրիկ Խաչատրյանին ինքնաշեն զենք պահելու համար. «Եթե դու գործին ծանոթ չես, բարի եղիր լռել։ Այո, Սուրիկ Խաչատրյանն ունի ինքնաշեն զենք, որն օրինական կարգով է տրամադրվել նրան։ Նույն այդ զենքից ուներ նաև Ավետիք Բուդաղյանը, որով վիրավորել է Նիկոլայ Աբրահամյանին»:
Փաստաբանի ներկայացմամբ՝ Տիգրան Խաչատրյանի օրգանիզմում թմրանյութի հետքեր կային, բայց գործի քննության մեջ չկա, որ այդ ժամանակ նա թմրանյութի ազդեցության տակ է, իսկ Հայկ Ալումյանն ասում է, թե դեպքի ժամանակ տղան եղել է թմրանյութի ազդեցության տակ:
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք Բուդաղյանները կարող էին սպառնալ Խաչատրյաններին կամ զինված հարձակվել նրանց տան վրա, փաստաբանը նշեց, որ արարքի որակման համար բացարձակապես նշանակություն չունի, թե գորիսյան իրականության մեջ ով ում կարող է սպառնալ, կա տեսանյութ և վերջ:
Զարզանդ Նիկողոսյանի փաստաբան Մարտին Զիլֆուղարյանն էլ հայտարարեց, թե ոչ միայն ընտանիքի նկատմամբ է սպառնալիք հնչել, այլ նաև ընտանիքի մոր, և 19 տարեկան հայ տղան, (խոսքը Տիգրան Խաչատրյանի մասին է) ուրիշ ի՞նչ կարող էր անել:
«Ես ձեզ հավատացնում եմ, քրեական գործում չկա որևէ ապացույց, որ Սուրիկ Խաչատրյանը մասնակցել է այդ ամենին, ինքը չէր կարող կրակոցներն էլ լսել։ Սուրիկ Խաչատրյանը մեղադրյալ չի և չի էլ լինելու, բնության մեջ Սուրիկ Խաչատրյանի գործ գոյություն չունի, սա Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի գործն է»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է իր պաշտպանյալի մասին շրջանառվող խոսակցություններին, թե նա պոտենցիալ հանցագործ է, փաստաբանն ասաց, թե Զարզանդ Նիկողոսյանը երբևէ չի դատապարտվել, նման ասեկոսեներ կան, բայց դա իրենց չի հետաքրքրում:
Վերջում փաստաբանները միաձայն հայտարարեցին, որ իրենց պաշտպանյալները հանցագործություն չեն արել, իրենք պաշտպանվել են:










