Շրի Լանկայի ոստիկանությունը ներողություն է խնդրել շների զանգվածային հարսանիքի համար

15:34 • 28.08.13

Շրի Լանկայի ոստիկանությունը ներողություն է խնդրել օրեր առաջ Քենդի քաղաքում ոստիկանական շների հրապարակային ամուսնությունը կազմակերպելու համար։

 

Ինչպես նշում է independent.ie կայքը, 9 զույգին հագցրել են ինչպես կարգն է՝ ճերմակ քող, գլխարկներ, ինչից հետո կենդանիներին կանգնեցրել են հատուկ հարթակի վրա, որը երկրում օգտագործվում է հարսանիքների ժամանակ։

 

Ոստիկանական շների ամուսնությունը պաշտոնապես գրանցվել է՝ անասնաբույժների, ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների ու շարքային քաղաքացիների ներկայությամբ։ Այնուհետ նորապսակ շներին նստեցրել են ոստիկանական մեքենաներն ու տարել «մեղրամիսը վայելելու»։

 

Այս ամենը տեսագրվել է ու ցուցադրվել տեղի հեռուստատեսությամբ՝ դառնալով բազմաթիվ դժգոհությունների առիթ։
Մասնավորապես՝ երկրի կրթության և արվեստի նախարարն ասել է, որ շների մասնակցությամբ արարողությունն իրականում ծաղրել է ավանդական ամուսնական ծեսերը։ Նա նաև կոչ է արել այս դեպքի վերաբերյալ հետաքննություն սկսել։

 

Ոստիկանության խոսնակ Բուդհիկա Սիրիվարդենան ներողություն է խնդրել՝ երկրի մշակութային ժառանգությանը վնաս հասցնելու համար։ Նա նաև մանրամասնել է, որ դա արվել է շների այդ տեսակը հայրենիքում բազմացնելու, այլ ոչ թե օտար երկրներից գնելու համար։