Ջազ, պիցցա և օդապարիկներ. սեպտեմբերյան 8 ամենահետաքրքիր փառատոներն աշխարհի տարբեր երկրներում

13:34 • 28.08.13

Հյուրանոցների առցանց ամրագրման Oktogo.ru պորտալի փորձագետները կազմել են ճանապարհորդողների համար ամենահետաքրքիր սեպտեմբերյան փառատոների ցանկը, հայտնում է kp.ru-ն։

 

1. Գինու փառատոն (Մադեյրա, Պորտուգալիա), սեպտեմբերի 1

Սեպտեմբերի 1-ին Մադեյրայում սկսվում է Գինու փառատոնը. փողոցներում և հրապարակներում դրվում են լեփ-լեցուն սեղաններ, իսկ գինու գործարաններում կազմակերպում են համտեսներ։

 

2. «Live in Blue Bay» ջազային փառատոն (Կոկտեբել, Ուկրաինա), սեպտեմբերի 4-8

Հարյուրավոր երաժիշտների անվճար համերգներ բաց երկնքի տակ. տարօրինակ չէ, որ ջազային փառատոնը վերջին տարիներին դարձել է ամենահայտնի իրադարձություններից մեկը Ղրիմում։ Փառատոնի մասնակիցներն անցկացնում են նաև վարպետության դասեր։

 

3. Օդապարիկների փառատոն (Ֆեռառա, Իտալիա), սեպտեմբերի 6-15

Այդ օրերին Ֆեռառայում կարելի է տեսնել ոչ միայն գունավոր օդապարիկներ, այլև անձամբ բարձրանալ երկինք։ Մեկժամյա թռիչքը կարժենա 150 եվրո, իսկ թռիչքը պարաշյուտով՝ 180 եվրո։

 

4. Ծաղիկների շքերթ (Ալսմեր, Հոլանդիա), սեպտեմբերի 7

 

Միլիոնից ավելի ծաղիկներ և հարյուր հազարավոր հանդիսատես. ահա այսպիսի ծավալների է հասնում հոլանդական Ծաղիկների շքերթը։ Հսկայական երթը սկսվում է առավոտյան ժամը 8։30, Ալսմերից, որտեղ գտնվում է ծաղկային աճուրդը, և ավարտվում է Ամստերդամի կենտրոնում՝ անվճար ռոք համերգով։

 

5. Պիցցաֆեստ (Նեապոլ, Իտալիա), սեպտեմբերի 12-22

 

Պիցցայի տոնը Նեապոլում նշվում է արդեն 30 տարի։ Իտալիայից և այլ երկրներից վարպետները մրցում են ամենահամեղ և գեղեցիկ պիցցայի համար։

 

6. Ցուլերի և ձիերի մուտքը (Կաստելյոն դը լա Պլանա, Իսպանիա), սեպտեմբերի 14

Իսկ այս ավանդական իսպանական զվարճանքն արդեն ավելի քան 500 տարեկան է։ Նախկինում ցուլը պետք է հաղթահարեր 1 կմ-ոց հեռավորությունը։ Ձիերը նրան առաջ էին տանում, իսկ կենդանի պատնեշ ծառայում էին մարդիկ։ Այժմ տոնը վերածվել է պարզապես շոուի։

 

7. Օկտոբերֆեստ (Մյունխեն, Գերմանիա), սեպտեմբերի 21- հոկտեմբերի 6

Աշխարհի ամենահայտնի գարեջրային տոնը. այս տարի հյուրերը կրկին 5 մլն լիտր գարեջուր կխմեն։ Ամեն ինչ սկսվել է մոտ 200 տարի առաջ, երբ 1810թ. հոկտեմբերի 12-ին Լյուդվիգ Բավարացին և Թերեզա Սաքսոնացին նշում էին իրենց հարսանիքը։ Տոնակատարությանը նրանք հրավիրել էին Մյունխենի բոլոր բնակիչներին։

 

8. SeptemberFEST (Կիև, Ուկրաինա), սեպտեմբերի 13-15

Գարեջրի փառատոնն անցկացվում է «Ուկրաինայի Էքսպոցենտր» ազգային համալիրում։ Հյուրերը կարող են փորձել ավելի քան 200 տեսակի գարեջուր, որոնք պատրաստվել են ուկրաինացի գարեջրագործների կողմից։