Սիրիացի հաքերները կոտրել են New York Times-ի կայքը
«Սիրիական էլեկտրոնային բանակ» խմբավորման հաքերները, ովքեր սատարում են Սիրիայի կառավարությանը, ստանձնել են ամերիկյան New York Times թերթի կայքը կոտրելու պատասխանատվությունը, գրում է ИТАР-ТАСС-ը: Այդ մասին նրանք հայտարարել են Twitter-ի իրենց էջում:
Կայքի աշխատանքը խափանվել է ԱՄՆ-ի արևելյան ափի ժամանակով ժամը 15:00-ին: nytimes.com կայքը մտնելիս ոմանց համակարգիչների էկրաններին հայտնվել է «Կոտրված է «Սիրիական էլեկտրոնային բանակի» կողմից» գրությունը:
Ամերիկյան առաջատար լրատվամիջոցը վերջին երկու շաբաթվա ընթացքում կայքի հետ խնդիրներ է ունենում արդեն երկրորդ անգամ: Օգոստոսի 14-ին տեխնիկական խնդիրների պատճառով New York Times-ի կայքէջը և բջջայինների հավելվածն անհասանելի էին դարձել երկու ժամով:
«Սիրիական ելեկտրոնային բանակն» առաջին անգամ չէ, որ ստանձնում է ազդեցիկ լրատվամիջոցների կայքերը և Twitter-ում նրանց էջերը կոտրելու պատասխանատվությունը: Խմբավորման գործողություններից տուժել են Associated Press-ը, France Presse-ը, France 24 հեռուստաալիքը, Financial Times թերթը և BBC-ն:










