Էջմիածնում ազատամարտիկը զենք–զինամթերք է հանձնել
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, օգոստոսի 28-ին, ժամը 16.30-ին, բաժին է ահազանգել անհայտ քաղաքացի և հայտնել, որ ինքը նախկին ազատամարտիկ է, ցանկանում է կամավոր զենք-զինամթերք հանձնել և դրանք թողնում է Էջմիածին-Ոսկեհատ ճանապարհի կամրջի մոտ, տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից պոլիէթիլենային տոպրակների մեջ հայտնաբերել է 16 մմ տրամաչափի որսորդական հրացան, ինքնաձիգ-ատրճանակ` իր փամփշտակալով, «ՌԳԴ-5», «Ջ-1» և «Ֆ-1» տիպի 12 նռնակ` առանց պայթուցիչների, նռնակի «ՈւԶՌԳՄ» 6 պայթուցիչ, 7.62 մմ տրամաչափի Կարաբինի 742, 5.45 մմ տրամաչափի 1.858, 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 573 փամփուշտ, ծխարձակիչ 3 գլանակ, ծխային նռնակ, ինքնաձիգի 7 պահունակ, ինքնաձիգի պահունակի 3 սանր, «Մակարով» տիպի ատրճանակի պահունակ ինքնաձիգի 2 խլացուցիչ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:










