Ծածկած շուկայի հարցում ապօրինությունը չի կանխվել. Գարեգին Չուգասզյան (տեսանյութ, ֆոտոշարք)
Սեպտեմբերի 15-ին Երևանի «Ծածկած շուկան» (Փակ շուկա), որպես «Սիթի» սուպերմարկետ վերաբացելու սեփականատիրոջ մտադրությունն անհանգստացրել է «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման նախաձեռնող խմբի անդամներին, որոնք այսօր շուկայի հարակից տարածքում մամլո ասուլիս էին կազմակերպել՝ լրատվամիջոցներին իրենց մտահոգությունը փոխանցելու և ապագա ձեռնարկվելիք քայլերի մասին տեղեկացնելու նպատակով:
Գարեգին Չուգասզյանն իր ելույթում ասաց, որ ճարտարապետական նշանակություն ունեցող կառույցի նկատմամբ տեղի է ուենցել ապօրինություն, որը չի կասեցվել։
«Շուրջ 2 տարի տևող այս բարբարոսության ընթացքում մասնագիտական և քաղաքացիական հանրությունը բազմիցս գրավոր կերպով ահազանգել է բոլոր պատկան մարմիններին, այդ թվում ՀՀ դատախազությանը, սեփականատիրոջ հանցավոր ապօրինությունների վերաբերյալ՝ ներկայացնելով հնարավոր բոլոր փաստարկումները: Բայց ապօրինությունը ոչ միայն չի կանխվել, այլև տերերը պատրաստվում են «օբյեկտի» բացում անել»,- ասաց «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանը:
Վերջինս լրատվամիջոցներին հայտնեց, որ սեփականատերը՝ չունենալով սահմանված կարգով պատկան մարմինների կողմից համաձայնեցված փաստաթղթեր, արհամարհելով «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի հիմնարար դրույթը, ըստ որի հուշարձանների քանդումն արգելվում է, անողոք կերպով ոչնչացրել է հուշարձանի ծավալի մեծ մասը:
Քանդակագործ Վիգեն Ավետիսն իր հերթին նշեց, որ այստեղ ուզում են սարքել ինչ–որ «սիթի», ապա ավելացրեց, որ այդ տարածքը սրբավայր է։
«Ես դա ասում եմ որպես քանդակագործ, որպես մարդ, որը ճանաչում է ամեն մի քարն ինչի համար է արված, ոնց են ձևավորված պատուհանները: Եթե ուշադիր լինեք, կտեսնեք, որ եկեղեցական պատուհաններ են սրանք, ճակատային մասը դա խորանից վերցրած ձևավորում է: Մի խոսքով, սա հանճարեղ ճարտարապետական կառույց է, որը որ պետք է փրկենք և իր նպատակին ծառայեցնենք»,- հայտարարեց քանդակագործը։
Գարեգին Չուգասզյանը հայտնեց, որ պայքարելու են, որպեսզի «Ծածկած շուկայի» սեփականատիրոջն օրենքով սահմանված կարգով ենթարկեն պատասխանատվության. հարկադրեն նրան հատուցելու հուշարձանին հասցված վնասը և վերականգնելու դրա նախկին վիճակը, ինչը ենթադրում է ապօրինի շինված կառույցների ապամոնտաժում և հուշարձանի վերականգնում իր նախնական տեսքով:
«Սեփականատերը 2 անգամ տուգանվել է և դրանից հետո փաստորեն գիտակցաբար շարունակել է այս պատմաճարտարապետական հուշարձանի ավերումը: Այս ամբողջ ընթացքում մենք բնականաբար չգիտեինք, թե ներսում ինչ է կատարվում, մինչև որ երեկ հրապարակվեցին լուսանկարներ և այդ լուսանկարների շնորհիվ մենք իմացանք կերպարի ներքին խաթարումների մասին,-նշեց Գարեգին Չուգասզյանը,- մենք պետք է պահանջենք վնասի փոխհատուցում, ոչ թե պետությունից ,այլ հասկանում ենք, որ հասարակությունը ազատագրումն իր ձեռքը պիտի վերցնի»:
Գարեգին Չուգասզյանը նշեց, որ իրենք ոչ միայն հուշարձանն են ազատագրելու օլիգարխից, այլև օլիգարխին՝ հուշարձանից, քանի որ հասկանում են, որ սեփականատիրոջ համար չափազանց մեծ պարտականություն է նման ծանրություն կրելը:
Ծածկած շուկան, որ ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանի ու ճարտարագետ Համազասպ Առաքելյանի ստեղծագործությունն է՝ անցած դարի 50-ականներին ճանաչվել է Հայաստանի լավագույն ճարտարապետական կառույցներից մեկը և հիմա վերափոխվում է առևտրի կենտրոնի:










