Կալիֆոռնիայի ամենավատ վարորդները բնակվում են Գլենդեյլում

12:02 • 29.08.13

Ամերիկյան Գլենդեյլ քաղաքի վարորդները 76 տոկոսով ավելի շատ հավանականություն ունեն վթարի մեջ հայտնվելու, քան երկրի ազգային միջին ցուցանիշն է: Ապահովագրական զեկույցի նոր տվյալների համաձայն՝ նրանք ԱՄՆ-ի ամենավատ վարորդներից են:

 

Արդեն 9-րդ տարին անընդմեջ Գլենդեյլը Allstate Insurance Co. ընկերության՝ երկրի ամենամեծ 194 քաղաքներն ընդգրկող «Ամերիկայի լավագույն վարորդները» զեկույցի վերջին տեղերում է հայտնվում, իսկ Կալիֆոռնիա նահանգի քաղաքների թվում ամենավերջինն է:

 

Զեկույցը ներառում է բոլոր տեսակի վթարներից ստացված տվյալները, այդ թվում նաև աննշան պատահարները:

 

Քաղաքային իշխանությունների ներկայացուցիչ Թոմ Լորենցի խոսքով՝ այս զեկույցը քննարկումների առիթ է տալիս, սակայն ներկայացնում է միայն Allstate-ի հաճախորդների տվյալները: Նրա խոսքով՝ Գլենդեյլի ոստիկանությունն այս տարի հավելյալ գումարներ է ստացել «կրթելու և վարորդական վարքագծի մեջ փոփոխությունների հասնելու համար»: