Լիտվան հետ է կանչում Հունգարիայում և Ադրբեջանում իր դեսպաններին՝ ԼՂ խնդրի մասին հայտարարությունների համար
Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն հրամանագիր է ստորագրել, համաձայն որի սեպտեմբերի 30-ից հետ է կանչելու Հունգարիայում և Ադրբեջանում իր դեսպաններին՝ Ռենատաս Յուշկային և Արթուրաս Ժուկաուսկասին, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Լիտվայի նախագահի մամուլի ծառայությանը։
Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ հուլիսի 8-ին youtube.com կայքում հրապարակվել էին դեսպանների հեռախոսազրույցները Վիլնյուսի իրենց գործընկերների հետ, որտեղ նրանք կիսվում են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների վերաբերյալ իրենց նկատողություններով, կողմնապահորեն կատակում Լիտվայի վարչապետ Ալգիրդաս Բուտկյավիչյուսի՝ Սանկտ Պետերբուրգ սպասվելիք այցի վերաբերյալ և այլն։
Մասնավորապես, Յուշկան բացահայտ կերպով խոստովանում է, որ ադրբեջանա-հայկական հակամարտությունում աջակցում է հայերին, քանի որ նրանք քրիստոնյաներ են, որոնք «նույնպես տուժել են Ստալինի գծած քարտեզներից, ինչպես և մենք»։
Դեսպանները հետ են կանչվել կառավարության առաջարկով։ Լիտվայի ԱԳՆ ղեկավար Լինաս Լինկյավիչյուսը նշել էր, որ ստեղծված հանգամանքներում չի տեսնում այդ դիվանագետների աշխատանքը շարունակելու հնարավորություն, «քանի որ դեսպաններին պետք է վստահի ինչպես Լիտվայի ղեկավարը, այնպես էլ երկրները, որտեղ նրանք գտնվում են»։
Այնուամենայնիվ, նա ընդգծել է, որ դիվանագետների խոսակցությունների անօրինական ձայնագրումը և դրանց հրապարակումը տեղեկատվական սադրանք է։
Մինչդեռ, Լիտվայի ԱԳ նախկին նախարար Աուդրոնյուս Աժուբալիսը քննադատել է կառավարությանը, որը պարտադրել է հետ կանչել Հունգարիայում և Ադրբեջանում դեսպաններին։ Քաղաքական գործիչը նշել է, որ նման արձագանքը սադրանքի հեղինակներին ցույց է տվել, որ Լիտվան կարելի է հեշտությամբ մանիպուլյացիայի ենթարկել։










