Սատանան դետալների մեջ է. քաղաքագետը Ասոցացման համաձայնագրի տեքստի մասին
ԵՄ Ասոցացման համաձայնագրի տեքստի կառուցվածքի մասին Հայաստանում բոլորն էլ (քաղաքական ու քաղաքագիտական շրջանակներում) ընդհանուր պատկերացումներ ունեն, թեև, ինչպես ասում են, սատանան դետալների մեջ է։
Այս մասին այսօր ԵՄ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման և դրանից բխող զարգացումների վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի պետական համալսարանի Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի պրոֆեսոր Ալեքսանդր Մարգարովը, ում Tert.am-ը հարց էր ուղղել, թե քաղաքական ո՞ր խմբի գործիչներն են ճիշտ՝ նրանք, որոնք պնդում են, որ պետք է նախաստորագրել կամ չնախաստորագրե՞լ, թե՞ նրանք, ովքեր այս մոտեցումը անլուրջ են համարում՝ նշելով, որ համաձայնագրի տեքստը հայտնի չէ և չի կարելի առանց դրան ծանոթանալու դատողություններ անել:
«Խնդիրն այն է, որ մենք գիտենք ընդհանուր կառուցվածքը, որտեղ կան քաղաքական էլեմենտներ, որոշակի սպեցիֆիկ բլոկային էլեմենտներ, բայց պարզ է, որ փաստաթուղթը, որ ենթարկվում է քննարկման, հրապարակման ենթակա չէ»,- նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ այս առումով նույնիսկ առկա է համապատասխան փորձ:
Այսինքն, ըստ նրա, եվրակառույցների շրջանակներում դետալները հայտնի են բավականին սահմանափակ թվով անձանց. ԵՄ-ից, համապատասխան հանձնաժողովներից ու «ազգային» բանակցողներից նեղ խմբի:
Ըստ Ալեքսանդր Մարգարովի, ամեն մի կետը, որը բանակցվում է, ունենում է համապատասխան մի քանի էջանոց ցուցումներ, որոնք տրվում են բանակցող կողմերին, և նրանք առաջնորդվում են ոչ միայն պայմանագրի կետերով, այլև այդ ցուցումներով:
«Այս իմաստով, եթե խոսքն այն մասին է, թե արդյոք դա վտանգավո՞ր է երկկողմանի քաղաքականություն իրականացնելու համար դեպի Հյուսիս՝ դեպի Ռուսաստան, ապա դա քաղաքականություն է, որը մենք իրականացնում ենք բավականին երկար: Այսինքն՝ փորձում ենք իրականացնել քաղաքականությունը՝ պահպանելով բարիդրացիական հարաբերություններ համաշխարհային հիմնական ուժային բևեռների հետ»,- ասաց քաղաքագետը:
Անդրադառնալով հարցին, թե որքանով է «և, և» -ի ձևաչափը ընդունելի և արդյոք կիրառելի է այն մեզ համար, Ալեքսանդր Մարգարովն ասաց, որ ԵՄ-ն չունի մեխանիզմներ, որոնք թույլ կտան Եվրոպային հանդես գալ որպես անվտանգության երաշխավոր Հայաստանի և Հարավային Կովկասի մյուս երկրների համար:
Ալեքսանդր Մարգարովը նշեց, որ արտաքին քաղաքականությունը պետք է իրականացվի ՀՀ քաղաքացու շահերից ելնելով, այլ ոչ թե այլ երկրների քաղաքական էլիտաների որոշումներ ընդունողների։
Այս տեսանկյունից, ըստ նրա, քաղաքականությունը, որ իրականացվում է, փորձում է ապահովել առավելագույնը՝ հաշվի առնելով և՛ համագործակցության իրական հնարավորությունները, և՛ պաշտպանությունը, որոնք կան ՀԱՊԿ-Ռուսաստան շրջանակներում, և դյուրացնել ու զարգացնել հարաբերությունները ԵՄ երկրների հետ:










