Օշական և Ոսկեվազ գյուղերում արձանագրվել է աղիքային վարակների ավելի քան 60 դեպք

12:36 • 29.08.13

Արագածոտնի մարզի Օշական և Ոսկեվազ գյուղերում օգոստոսի 28-ին արձանագրվել է աղիքային վարակիչ հիվանդության ախտանշաններով 5 դեպք, տեղեկացնում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։


Հիվանդները հոսպիտալացվել են Աշտարակի բժշկական կենտրոնում: Հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մասնագետներն այդ համայնքներում անմիջապես կազմակերպել են բակային համայցեր, որոնց ընթացքում հայտնաբերվել է ևս 58 հիվանդ:


Այս պահի դրությամբ նրանցից 14-ը բուժվում է Աշտարակի ԲԿ-ում, 4-ը`«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում: Մյուսների բուժումն իրականացվում է ամբուլատոր պայմաններում։ Հիվանդների վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության: Նրանք տարիքային տարբեր խմբերից են։


Հիվանդության ախտանշանները բոլորի մոտ նույնն են եղել` ջերմության բարձրացում, սրտխառնոց, որովայնի ցավեր, լուծ, փսխում, նքոցներ:


Նախնական վարկածով՝ վարակի հավանական աղբյուրը եղել է խմելու ջուրը: Աղիքային վարակիչ հիվանդությունների հարուցիչների ոչնչացման նպատակով անմիջապես կազմակերպվել են ջրի գերքլորացման աշխատանքներ:


Բակային համայցերի ընթացքում բնակչության շրջանում իրականացվում է բացատրական աշխատանք աղիքային վարակիչ հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ, խորհուրդ է տրվում օգտագործել միայն եռացված ջուր:


Բակային համայցերը շարունակվում են, իրավիճակը վերահսկելի է: