Ոսկեվազում և Օշականում մոտ 100 բնակչի մոտ աղիքային վարակիչ հիվանդության ախտանիշներ են հայտնաբերվել
Արագածոտնի մարզի Օշական և Ոսկեվազ գյուղերում օգոստոսի 28-ին գրանցված աղիքային վարակիչ հիվանդության դեպքերի հետ կապված Tert.am-ը զրուցեց նշված համայնքների ղեկավարների հետ: Հայտնաբերված հիվանդների թիվը օգոստոսի 29-ի դրությամբ այս գյուղերում հասել է մոտ 100-ի:
4 500 բնակիչ ունեցող Ոսկեվազ համայնքում բնակիչներից մոտ 40-ի մոտ հայտնաբերվել է աղիքային վարակիչ հիվանդության ախտանշաններ՝ ջերմության բարձրացում, սրտխառնոց, որովայնի ցավեր, լուծ, փսխում, նքոցներ: Ոսկեվազի ղեկավար Հայկ Հովհաննիսյանն ասաց, որ դեռ հայտնի չէ վարակի կոնկրետ աղբյուրը, սակայն ամենահավանականն համարվում է խմելու ջուրը:
Նույն ջրագծից սնվող 6 200 բնակիչ ունեցող Օշական գյուղում հիվանդների թիվը հասել է 60-ի: Այս մասին Tert.am-ին փոխանցեց համայնքապետ Արամ Ներսիսյանը: Վերջինս նշեց, որ կատարվել են բակային համայցեր, մարդկանց զգուշացվել է, որպեսզի ջուրն օգտագործելուց առաջ եռացնեն:
«Ջրի նմուշառում կատարել են սանէպիդկայանից, մեզ ասեցին, որ վաղը պատասխանները պարզ կլինեն: Միայն կարող եմ ասել, որ իրավիճակը վերահսկվում է»,- նշեց Օշական համայնքի ղեկավար Արամ Ներսիսյանը:










