Սիրիայի ընդդիմությունը դժգոհել է Արևմուտքի աջակցության բացակայությունից
Սիրիայի ընդդիմության ազգային կոալիցիայի ղեկավար Ահմադ Ջարբան կոչ է արել Արևմուտքին «պատժիչ հարված» հասցնել սիրիական ռեժիմին և դժգոհել է արևմտյան երկրների կողմից քաղաքական և ռազմական աջակցության բացակայությունից, գրում է lenta.ru-ն:
Պատասխանելով ֆրանսիական Parisien հրատարակության լրագրողի հարցին, թե ինչ է նա ակնկալում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ռազմական միջամտությունից, Ջարբան նշել է` «առաջին հերթին, ռեժիմի դեմ պատժիչ հարված»: Բացի այդ, նա հայտարարել է, որ ընդդիմությանն անհրաժեշտ է արևմտյան երկրների աջակցությունը:
«Ասադի ռեժիմն ունի Ռուսաստանի, լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման և Իրանի ողջ աջակցությունը: Իսկ մենք ոչինչ չունենք: Մեր դաշնակիցները մեզ ոչինչ չտվեցին այն ամենից, ինչ մենք խնդրում էինք: Մեզ իրական աջակցություն է հարկավոր»,- հայտարարել է նա:










