Հայաստանի «Քարերի Սիմֆոնիա» զբոսաշրջային պաստառը ՄԱԿ ԶՀԿ մրցույթի Եվրոպա կատեգորիայի հաղթողն է ճանաչվել

16:51 • 29.08.13

ՄԱԿ-ի Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության (UNWTO) 2013թ. «Vettor Giusti» զբոսաշրջային պաստառների մրցույթում` Եվրոպա կատեգորիայում, հաղթող ճանաչվեց Հայաստանը: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի տարածած հաղորդագրությունից։


Այս մասին այսօր պաշտոնապես հայտարարվեց Զամբիայում և Զիմբաբվեում օգոստոսի 24-29-ին տեղի ունեցող «UNWTO»-ի 20-րդ Գլխավոր Ասամբլեայի նստաշրջանում:


Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված Հայաստանի «Քարերի Սիմֆոնիա» պաստառը ճանաչվեց լավագույնը «UNWTO»-ի Եվրոպայի հանձնաժողովի 44 անդամ-երկրների շարքում:


«Vettor Giusti» Զբոսաշրջային պաստառների մրցույթն անցկացվում է յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ «UNWTO»-ի Գլխավոր Ասամբլեայի նստաշրջանի կապակցությամբ. այս տարի Ասամբլեային մասնակցում է շուրջ 140 երկիր:


Եվրոպայի լավագույն զբոսաշրջային պաստառ տիտղոսը ապացույցն է Հայաստանի բազմաբնույթ և բազմաբովանդակ զբոսաշրջության խթանման ուղղությամբ իրականացվող բազում քայլերի: Այն հատկապես կարևորվում է Հայաստանի պատմամշակութային և ազգային-հոգևոր ժառանգության՝ համաշխարհային հարթակում ճանաչելիության բարձրացման և ներգնա զբոսաշրջային հոսքերի խթանման տեսանկյունից:


Հայաստանի «Քարերի Սիմֆոնիա» պաստառը կցուցադրվի «UNWTO»-ի մադրիդյան շտաբ-գրասենյակի նախասրահում և էլեկտրոնային տարբերակով տեղակայված կլինի «UNWTO»-ի պաշտոնական կայքում մինչև հաջորդ՝ 2015 թվականին կայանալիք մրցույթը: