Ինչպես է ուսման որակը բարձրանալու, եթե նույն դասախոսներն են դասավանդելու. ցուցարարները՝ Աշոտյանին (տեսանյութ)
Մինչ կառավարության նիստի սկսվելը շենքի առջև մի խումբ ուսանողներ՝ իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել ընդդեմ վարձավճարների թանկացման: Նրանցից այս տարի Արևելագիտության ֆակուլտետ ընդունված Գրիշա Էձգերիձեն ընթերցեց ուսանողների միասնական պահանջը, ըստ որի՝ ուսման վարձավճարները բարձրացնելու որոշումն ապօրինի են համարում:
«Ասում եք, ուսման որակը բարձրանալու է, բայց ինչպե՞ս է բարձրանալու, եթե նույն դասախոսներն են դասավանդվելու: Ասում եք, որ զեղչեր են լինելու մինչև 50%, էլ ինչի՞ համար եք բարձրացնում, ուրեմն թող լինի նախկին չափը: Հայաստանում նվազագույն աշխատավարձը 45 000 դրամ է, իսկ միջինը՝ 120 000 դրամ, ինչպե՞ս պետք է վճարենք 800 000 դրամի հասնող վարձերը»,- ասաց նա:
Այնուհետև Կառավարության շենքին մոտեցավ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նա ողջունեց ուսանողներին և հորդորեց ուշադիր լինել կառավարության այսօրվա նիստին:
Ուսանողներն, այնուամենայնիվ, Արմեն Աշոտյանին հանձնեցին իրենց նամակը և ևս մեկ անգամ ընդգծեցին, որ պահանջում են չեղյալ համարել որոշումը: «Մենք չենք խնդրում, այլ պահանջում ենք, պա-հան-ջում ենք»,- վանկարկեցին ուսանողները:










