Ավտովթար Արագածոտնի մարզում. 4 մարդ տեղում մահացել է

09:07 • 30.08.13

Արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 30-ին՝ ժամը 05.40-ին, տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. կան զոհեր:


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի 33 UV 324 և «Ֆորդ» մակնիշի 22 SO 746 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և 3 ուղևորները տեղում մահացել են:


Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը` «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր` 1987 թ. ծնված Թ. Թ.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:


Ավտոմեքենայի վարորդը` 1986 թ. ծնված Ս. Հ.-ը, հոսպիտալացվել է Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն, այստեղ վերջինիս վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:


Հրշեջ-փրկարարները դուրս են բերել զոհերին ավտոմեքենայից և կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ: