Վաղվանից ակցիաներ կսկսվեն Փակ շուկայի մոտ, կլինի շուրջօրյա հսկողություն

14:16 • 30.08.13

«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման նախաձեռնող խումբը վաղը ժամը 14-ից Երևանի Փակ շուկայի (Ծածկած շուկա) տարածքում սկսում է բողոքի ակցիաներ՝ ընդդեմ ճարտարապետական նշանակության շենքի ոչնչացման: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին խմբի անդամները:


Նրանցից լրագրող Անի Քոչարը կոչ արեց հասարակ քաղաքացիներին միանալ իրենց պայքարին:


«Փորձը ցույց է տալիս, որ միայն միասնական լինելու դեպքում է, որ կարողանում ենք հասնել արդյունքի: Մենք իրավունք չունենք թույլ տալու, որ իրենք փոքրիկ հաղթանակներ տոնելով՝ ժողովուրդը թույլ տվեց, մենք էլ արեցինք, որ շարունակեն իրենց աշխատանքները: Մի օր էլ կարող է մեր տան տեղը իրենց դուր գա ու որոշեն մեզ այնտեղից հանել»,- ասաց նա և ավելացրեց, որ իրենք խաղաղ ակցիաներ են անելու, սակայն վստահ չեն, որ սեփականատերը ևս խաղաղ կընդունի այն:


«Կարծում եմ ամեն ինչ շատ ավելի թեժ է լինելու քան Կոմիտասի 5 հասցեում: Թող (Սամվել –խմբ.) Ալեքսանյանը գնա ուրիշ տեղ սուպերմարկետ սարքի: Մենք ակցիաներ, պիկետներ ենք անելու, շուրջօրյա հսկողություն կլինի»,- ասաց նա և ավելացրեց, որ հետագա զարգացումների մասին չեն կարող կանխատեսել:


Ասուլիսին ներկա ճարտարապետ Սաշուր Քալաշյանն իր հերթին նշեց, որ շատ անգամ շատերը չեն հասկանում բողոքի իմաստը, քանի որ շենքը կանգուն է:


«Շատերն ասում են՝ երկու տարի է գնում է գործընթացը բա դուք որտե՞ղ էիք։ Մենք միշտ էլ պայքարել ենք, հուզված ենք եղել այս հարցով, հենց առաջին օրվանից: Մենք բոլոր օրենսդրական միջոցներին դիմել ենք՝ դիմումների շարան ուղղված տարբեր կարևոր ատյանների՝ նախագահ, վարչապետ, ԱԺ, դատախազություն: Մենք հույս էինք դրել նրանց վրա, քանի որ հարյուրավոր անվանի մտավորականներ են դիմել: Գործընթացը փորձ եղավ կանխելու, բայց արդյունքում կառուցվեց հանրախանութ»,- ասաց Սաշուր Քալաշյանը:


Ճարտարապետը նշեց, որ զարմանալիորեն դատախազությունը պատասխանում է, որ մի քանի անգամ նրանց տուգանելուց հետո այլևս ազդելու լծակներ չունի:


«Նպատակը մեկն է՝ քանդել կառուցվածը և շենքը բերել նախկին տեսքի, սա պետք է պարտադրել սեփականատիրոջը: Եթե ոչ՝ նրան զրկել սեփականությունից՝ վնասը փոխհատուցելով»,- ասաց նա:
Մեկ այլ ճարտարապետ Բորիս Քոչարյանն էլ ընդգծեց, որ «Փակ շուկայում կատարված շինարարությունը վանդալիզմ է, ամենավանդալիստական ձևերով իրականացված շինարարությունն է, որը մինչև վերջ ավերվում է:


«Սա ուղղակի տեսանելի ցուցադրում է, որ համակարգային թերությունն է և ցույց է տալիս, որ որպես պետություն մենք չենք կայանում: Պետությունը չի կարողանում իր գործառույթները կատարել: Մշակույթի նախարարը պետք է ոչ թե ասեր՝ վայ, գնամ տեսնեմ ինչ են արել, այլ դուրս չգար կառավարությունից մինչև հարցը չլուծվեր»,- ասաց նա: