Արգիշտի Կիվիրյանը բացարկ է հայտնել իրեն ՀՔԾ հարցաքննության հրավիրած քննիչին
Armenia Today կայքի համակարգող, քաղաքացիական ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը այսօր բացարկ է հայտնել իրեն Հատուկ քննչական ծառայություն հարցաքնության հրավիրած քննիչին՝ իր դեմ իրականացված բռնությունների փաստի առթիվ քրեական գործ չհարուցելու պատճառով, այս մասին Tert.am-ին տեղեկացրեց Արգիշտի Կիվիրյանը ՀՔԾ բարձրանալուց ու վերադառնալուց հետո:
Ինչպես երկու օր առաջ՝ օգոստոսի 28-ին, այնպես էլ այսօր Արգիշտի Կիվիրյանը ՀՔԾ էր ներկայացել իր 30 փաստաբանների հետ, սակայն վստահեցրեց, որ իրեն պատշպանելու պատրատակամություն է հայտնել ավելի քան 150 փաստաբան:
«Նախաքննական մարմինը հրաժարվեց իմ 30 փաստաբանների համար ապահովել անցաթուղթ, որպեսզի իրենք իմ հետ բարձրանան ու իմ շահերը ներկայացնեն: Իմ մի փաստաբանի հետ բարձրանալով՝ ներկայացրել եմ բոլոր փաստաբաններիս անունները ու պահանջ եմ ներկայացրել՝ նրանց համապատասխան թղթով ապահովելու: Նրանք հրաժարվում են կատարել օրինական իմ պահանջը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Կոմիտաս 5-ում օգոստոսի 24-ին կայացած ակցիայի ժամանակ Արգիշտի Կիվիրյանը բերման էր ենթարկվել։ Նա պնդում է, որ բերման ենթարկելիս ոստիկանները ծեծի էին ենթարկել իրեն: Ոստիկանները իրենց հերթին Արգիշտի Կիվիրյանի դեմ քրգործ են հարուցել՝ իշխանության ներկայացուցչի դեմ բռնության հոդվածով:
Արգիշտի Կիվիրյանը նշեց, որ այս պահին իրեն հրավիրել են որպես վկա, սակայն քրեական գործի հարուցման որոշման մեջ արձանագրված են այնպիսի տվյալներ, որոնց դեպքում ինքը կասկածյալ պետք է լինի:
«Մասնավորապես, գրված է, որ ես հարվածել ու հայհոյել եմ ոստիկանի: Ես իմ ցուցմունքը կներկայացնեմ ՀՔԾ գրավոր»,- ասաց նա:
Արգիշտի Կիվիրյանին պաշտպանելու ցանկություն հայտնած փաստաբաններից Լուսինե Սահակյանն էլ նշեց, որ գործի ընթացքը ցույց է տալիս, որ վարույթ իրականացնող մարմինը ամեն կերպ փորձում է տվյալներ չստանալ Արգիշտի Կիվիրյանից այսօրվա դեպքերի մասին:
«Վարույթ իրականացնող մարմինը, կարծես, չի ուզում ստանալ թե՛ հարցաքննության, թե՛ գրավոր տեսքով, որովհետև դեռևս օգոստոսի 25-ին նրան հրավիրվել է ոստիկանություն, սակայն քննիչը հաղորդել է, որ ինքը զբաղված է և հարցաքննություն չի իրականացրել: Երկու օր առաջ, նորից տեղի չունեցավ հարցաքննություն: Կարծում եմ՝ նրանք ամեն կերպ խոչընդոտում են Արգիշտիի հարցաքննությունը»,- ասաց փաստաբանը:
Tert.am-ի հարցին, թե նախկինում նման պրակտիկա եղե՞լ է, երբ մեկ մարդու շահերը ներկայացնի միանգամից 30 փաստաբան, Լուսինե Սահակյանը մտաբերեց երկու դեպք, երբ մեղադրանք է առաջադրվել փաստաբանի: Նշենք, որ Արգիշտի Կիվիրյանը ևս երկր տարիներ աշխատել է որպես փաստաբան:
«Որքան հիշում եմ, երկու դեպքերից մեկով 37 փաստաբան էր ներկա, մյուս դեպքում՝ մոտ 60: Փաստաբանները նման կերպ հավաքվում են այն դեպքում, երբ իրականում տեղի է ունենում մարդու իրավունքների այնպիսի կոպիտ ոտնահարում, որտեղ իրենց համար ակնհայտ է, որ այստեղ իրավական դաշտում հնարավոր չէ պայքարել: Սա, ըստ էության, ակցիայի, բողոքի տեսք է ընդունում»,- ասաց նա և ավելացրեց, որ փաստաբանները միշտ էլ միավորվում են, երբ խոսքը վերաբերում է իրեն գործընկերներին:
Լուսանկարը՝ azatutyun.am-ի










