Սիրիայի դեմ օպերացիան կանցկացվի առանց բրիտանացիների

08:38 • 30.08.13

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հրաժարվել է արտոնել երկրի «չմտածված ու հապճեպ» մասնակցությունը Սիրիայի դեմ միջազգային ռմբակոծությանը, գրում է Интерфакс-ը՝ BBC-ին հղումով։ 

 

Մասնավորապես, խորհրդարանի համայնքների պալատը հինգշաբթի ուշ երեկոյան դեմ է քվեարկել Միացյալ Թագավորության մասնակցությանը Սիրիայի դեմ պատրաստվող օպերացիային։ Երկրի վարչապետ Դևիդ Քեմերոնի նախաձեռնությունը չի հավաքել ընդամենը մի քանի ձայն. ռազմական միջամտությանը կողմ է քվեարկել 272 խորհրդարանական, իսկ դեմ՝ 285։ 

 

Այսպիսով՝ սիրիական հակամարտությանը միջազգային ռազմական միջամտությունն իրականություն դառնալու դեպքում միանշանակ կլինի առանց բրիտանական կողմի մասնակցության։ Մինչդեռ Վաշինգտոնն այս առումով հայտարարել է, որ Լոնդոնում քվեարկության արդյունքները որևէ կերպ չեն ազդի Բարաք Օբամայի որոշման վրա։

 

«Նախագահ Օբաման որոշում կընդունի՝ ԱՄՆ-ի շահերից ելնելով։ Նա վստահ է, որ այժմ խաղասեղանին են դրված ԱՄՆ-ի առանցքային շահերը։ Բացի այդ, նախագահը գտնում է, որ միջազգային օրենքը խախտող երկրները պետք է պատասխան տան իրենց արածի համար»,-ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը։ 

 

Հինգշաբթի օրն Օբամայի աշխատակազմի ներկայացուցիչները սիրիական հարցը քննարկել են նաև Կոնգրեսի պատվիրակության հետ, ինչից հետո կոնգրեսական Էլիոթ Էնգելն ասել է, որ աշխատակազմը բավական սահմանափակ ապացույցներ ունի առ այն, որ հենց Բաշար ալ-Ասադի ռեժիմն է քիմիական զենք կիրառել։ 

 

Ամեն դեպքում ԱՄՆ-ն կարող է Սիրիայի դեմ ռազմական օպերացիան իրականացնել առանց իր դաշնակից Մեծ Բրիտանիայի, քանի որ Միջերկրական ծովում բավական մեծ թվով ուժ է կուտակել։