Է. Շարմազանովը հանդիպել է ԼՂՀ այցելած ռուսաստանցի լրագրողների, հասարակական գործիչների հետ
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր ընդունել է Արցախ այցելած ռուսաստանցի լրագրողներ եւ հասարակական գործիչներ Աննա Չապմանին, Եկատերինա Պանինային, Սերգեյ Կարնաուխովին, Իրինա Պոլմաչեւային, Պավել Սիգալին եւ «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանին, տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:
Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել ռուս հասարակական գործիչների նախաձեռնությունը՝ անձամբ լինելու Լեռնային Ղարաբաղում, իմանալու ճշմարտությունը Արցախի ու արցախցու մասին:
Կարեւորելով Հայաստանի ու Ռուսաստանի՝ տարբեր ոլորտներ ներառող միջպետական ամուր հարաբերությունները՝ ԱԺ փոխնախագահը անհրաժեշտ է համարել այդ կապերի սերտացմանն ու ամրացմանն ուղղված հասարակական ակտիվ շփումները, միմյանց սատարելու ու աջակցելու ջանքերն ու սրտացավ վերաբերմունքը:
Ռուս լրագրողներն ու հասարակական գործիչները հիացմունքով են խոսել Արցախի հյուրընկալ ժողովրդի տոկունության, համերաշխության, անկախ ու բարեկեցիկ երկրում ապրելու վճռականության մասին՝ միաձայն հաստատելով, որ արցախցուն ամենաբնորոշ հատկանիշներից մեկը խաղաղասիրությունն է:
Նրանք հավաստիացրել են, որ իրենց նախաձեռնությունը շարունակական է լինելու եւ իրենք Արցախի հետ մշակութային ու հումանիտար տարբեր ծրագրեր իրականացնելու լուրջ նպատակներ ունեն:
Հյուրերը տեղեկացրել են նաեւ, որ նախորդ օրը այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, իրենց հարգանքի տուրքը մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին եւ որոշել Հայոց եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ՝ նման անմարդկային բարբարոսությունները կանխարգելելու նպատակով իրականացնել ճանաչողական տարբեր միջոցառումներ:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը շնորհակալություն է հայտնել հյուրերին անկեղծ ու անմիջական գնահատականների, հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունների համար եւ պատրաստակամություն հայտնեց աջակցելու այդ ծրագրերին:










