NATO-ն չի մասնակցի Սիրիայի դեմ ռազմական գործողություններին. Գլխավոր քարտուղար

20:52 • 30.08.13

NATO-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը չի ծրագրում մասնակցել Սիրիայի դեմ ռազմական գործողություններին, հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով Интерфакс-ին, որը այս տեղեկությունները ստացել է դանիական մամուլից:


«Ես չեմ տեսնում NATO-ի դերը սիրիական վարչակարգի վերաբերյալ միջազգային արձագանքում»,-ասել է նա: Միևնույն ժամանակ Ռասմուսսենը հայտարարել է, որ կասկած չունի, որ քիմիական զենք Դամասկոսի մոտ օգտագործել են Սիրիայի կառավարական ուժերը:


Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ NATO-ի 12 երկրներ հրաժարվել են առանց ՄԱԿ-ի համաձայնության մասնակցել Սիրիայի դեմ ռազմական գործողություններին: Այն մասին, որ ԱՄՆ-ի դաշնակիցներն առանց միջազգային կազմակերպության թույլտվության պատրաստ չեն գործողություններ սկսել Սիրիայում, հայտնել է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով Բրյուսելում գտնվող տեղեկացված աղբյուրներին: