«Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը սեպտեմբերին ակցիաներ կսկսի՝ ընդդեմ վարձերի թանկացման

13:46 • 30.08.13

Ուսումնական տարվա հենց առաջին օրվանից՝ սեպտեմբերի 2-ից Հայ Յեղափոխական դաշնակցության «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մոտից կսկսի ակցիաներ՝ ընդդեմ ուսման վարձերի բարձրացման: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց միության ատենապետ Գերասիմ Վարդանյանը:


Նա նշեց, որ իրենց առաջին պահանջը այս որոշման կասեցումն է։ «Իրականում ոչ մի խնդիր չի լուծվում ուսման վարձավճարների բարձրացմամբ: Վերջին երեք տարիների աստիճանաբար բարձրացել է ուսումնական վարձը, բայց ի՞նչ խնդիր է լուծվել, ոչ մի: Ո՛չ ուսման որակն է բարձրացել, ո՛չ լաբորատորիաներ են բացվել, ոչ մի բան, ամեն ինչ նույնն է, ինչպես նախկինում»,- ասաց նա:


Նույն միության վարչության անդամ Մհեր Ղազարյանը նշեց, որ ուսման վարձավճարների թանկացման խնդրից բացի իրենք պատրաստվում են բողոքի ակցիաների ժամանակ բարձրացնել կրթական մի շարք այլ խնդիրներ:


«Պետպատվերը ընդհանրապես չի գործում,հաջորդ խնդիրը հայցորդներին ու ասպիրանտներին է վերաբերում: Անհեթեթ նոր հրամանի համաձայն՝ նախկին համակարգով ընդունված ուսանողները պետք է անցնեն նոր համակարգի, և վերջնաժամկետ է դրված, որ իրենց թեկնածուական աշխատանքները ուսանողները ժամանակից շուտ ավարտեն: Խնդիրներ կան լաբորատորիաների, կրթաթոշակների, ուսանողական հանրակացարանների հետ կապված»,- ասաց նա:


Մհեր Ղազարյանն ընդգծեց, որ պայքարը լինելուն է վերկուսակցական, իրենք չեն ներկայանալու դաշնակցական դրոշներով:


«Մենք հնարավոր է՝ միանանք ակցիա անող մյուս խմբերին, ինչպես դա արեցին տրանսպորտի թանկացման ժամանակ: Ոչինչ չենք բացառում, կարող է նաև դասադուլ անենք, մեր մարտավարական քայլերին տեղյակ կլինեք արդեն սեպտեմբերին»,- ասաց նա: