Իմ տղան դատապարտվել է ընտանիք կազմելու համար. բողոքի ակցիա նախագահականի մոտ (տեսանյութ)
ՀՀ նախագահի նստավայրի դիմաց այսօր բանտարկյալների մի խումբ հարազատներ բողոքի ակցիա անցկացրեցին։ Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակչուհի Մարգարիտ Հակոբյանը պնդում է, որ իր որդին՝ Սարգիս Սողոմոնյանը, անմեղ է։
«Պարո՛ն նախագահ, իմ որդուն դատում են ընտանիք կազմելու համար»,– բղավում էր նա:
Մարգարիտ Հակոբյանը պնդում է, որ որդին ամուսնության նպատակով փախցրել է Ավան վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Ուզունյանի հետ առնչություն ունեցող մի աղջկա (թեև Մարգարիտան ասաց.«Արթուր Ուզունյանի ապօրինի աղջիկն ա»), սակայն նրա վրա նախաքննական մարմինը նրան առաջադրել է, ինչպես կինն է ներկայացում՝ «առևանգում», «զենք», «անչափահասի նկատմամբ բռնաբարություն» մեղադրանքներ։
«Ու ես ապշած եմ, պարոն նախագահը ելույթ է ունենում, ասում է, որ երիտասարդներին պետք է տեղ տանք, և այլն, և այլն: Կալանավայրում բոլորը 20 -40 տարեկաններ են, պարոն նախագա՛հ, ինչ իրավունքով ես նրանց այնտեղ հավաքել: Սրանք սերունդ են, էն սերուցքն է, որ վաղը մյուս օրը պետք է ընտանիք կազմի, զավակներ տա էս երկրին»,- ասաց Մարգարիտ Հակոբյանը:
Նա նշեց, որ դեպքի օրը աղջիկը մոտ երեսուն անգամ զանգել է իր որդուն և խնդրել փախցնել, սակայն ոչ ոք ուշադրություն չի դարձրել այդ հանգամանքին:
Մարգարիտա Հակոբյանի 24- ամյա որդին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման, որից 7,5 տարին կրել է, իսկ նրա պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ժամկետը լրացել է երեք տարի առաջ՝ 2010 թվականին:
«Երեք տարի շարունակ ինձ պատասխանել են, որ դա հնարավոր չի: Տղայիս մեղադրանքը դասվում է ծանր հանցագործությունների շարքին»,– բացատրեց մայրը։
Տիկին Մարգարիտան ասաց, որ իրեն երկու անգամ մերժել է ՀՀ նախագահի դատապարտյալների ներման խնդրագրերը քննարկող հանձնաժողովը, մեկ անգամ՝ Դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողովը:
«Իմ փաստաթղթերն արդեն խունացել են, ինձանից էլ են ծերացել, խնդրեմ, նայե՛ք»,- կինը լրագրողներին էր ցույց տալիս տարբեր ատյաններին ուղարկած խնդրագրերը, միջնորդությունները:
Մարգարիտա Հակոբյանն ասաց, որ այս ընթացքում դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, արդարադատության նախարարին, այլ ատյաններ, սակայն ապարդյուն։
Նշենք, որ համացանցում բազմաթիվ նյութեր են պահպանված այն մասին, որ Նորաշեն գյուղը բազմաթիվ անգամ ցույց է արել նախագահականի, ՀՀ գլխավոր դատախազության դիմաց՝ «Սամվել Ուզունյան՝ Հայաստանում ընդունված չէ երկկնությունը և սիրուհի պահելը», «Պարոն դատախազ, Ուզունյանին պետք է կալանավորել Սարգիսի փոխարեն», «Սերը հանցագործություն չէ» ցուցապաստառներով:










