Պուտին-Օբամա հանդիպում G20-ին չի նախատեսվում, բայց հնարավոր է

15:12 • 30.08.13

Սանկտ Պետերբուրգում սեպտեմբերի սկզբին կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակում Բարաք Օբամայի և Վլադիմիր Պուտինի պաշտոնական հանդիպում չի նախատեսվում, սակայն նախագահները ցանկության դեպքում կարող են զրուցել, հաղորդում է ria.ru-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովին:

 

«Օբամայի հետ հանդիպում չի նախատեսվում: Այն չի նախատեսվում առաջին հերթին այն պատճառով, որ և՛ մենք, և՛ ամերիկացիները լայնածավալ այց էինք նախապատրաստում երկիր, որը, ինչպես տեղյակ եք, տեղի չի ունենա»,- ասել է նա լրագրողներին:

 

Ուշակովի խոսքով՝ Ռուսաստանի նախագահը, որպես գագաթնաժողովի կազմակերպիչ, «բնականաբար, այլ ղեկավարների թվում կողջունի Օբամային, կսեղմի նրա ձեռքը, իսկ թե հետո ինչ տեղի կունենա՝ կտեսնենք»: