ԱԳՆ–ը խտրական վերաբերմունք ունի երկքաղաքացիության համար դիմած թուրքահայերի նկատմամբ. Սարգիս Հացպանյան

15:07 • 30.08.13

Ֆրանսիայի քաղաքացի Սարգիս Հացպանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ իրեն անհանգստացնում է ՀՀ Արտաքին գործերի նախարարության պատասխանատուների խտրական վերաբերմունքը երկքաղաքացիության համար նրանց դիմած թուրքահայերի նկատմամբ:


Սարգիս Հացպանյանը ներկայացրեց մի պոլսահայ ընտանիքի պատմություն: Չտալով ազգանուն, միան նշելով ընտանիքի անդամների անունները, Սարգիս Հացպանյանն ասաց, որ Արտգործնախարարության հյուպատոսական բաժնի պետ Վլադիմիր Կարմիրշալյանի արձակուրդում լինելու պատճառով, վերջիններս չեն կարողացել ստանալ երկքաղաքացիություն և օգոստոսի 30-ի առավոտյան ձեռնունայն վերադարձել են Ստամբուլ:


«Այն փաստերը, որ ես պիտի ներկայացնեմ, աղաղակող են: Հայաստանի Հանրապետությունն իբրև պետություն, ըստ ինձ, հանցագործություն է կատարում սփյուռքահայության հանդեպ՝ իր ունեցած պետական խորհրդանիշի միավոր փաստաթուղթն, այսինքն` քաղաքացիությունը տրամադրելիս»,- կարծիք հայտնեց Սարգիս Հացպանյանը։


«Ես պարզապես հասկացել եմ, որ քաղաքացիություն ստանալը ոչ թե օրենքով է կարգավորված, այլ շնորհ է: ՀՀ նախագահին դիմում ես, որ շնորհի, ինքն էլ շնորհում է, կարող է և չշնորհել»,– ավելացրեց նա:


Սարգիս Հացպանյանն այնուհետև ասաց, որ Թուրքիայում ծնված հայի ինքնությունը հաստատվում է Հայոց Պատրիարքարանի կողմից տրված մկրտության վկայականով: Յուրաքանչյուր թուրքահայ, որ ցանկանում է ստանալ երկքաղաքացիություն պիտի Արտաքին գործերի նախարարության համապատասխան բաժին ներկայացնի այդ վկայականը:


Նրա խոսքով՝ Թուրքիայում ծնված և այնտեղ ապրող հայերին շատ հաճախ խնդրի առաջ է կանգնեցնում պահանջվող փաստաթղթերի մեջ հենց ինքնությունը հաստատող փաստաթղթի բացակայությունը: Նա պահանջում է հայրենի իշխանություններից չմոռանալ, որ 1915թ-ին թուրքերն են ոչնչացրել այդ փաստաթղթերը, որ պիտի հաստատեին իր, հոր, մոր, տատի ու պապի հայ լինելը:


«Հրանտ Դինքի հարազատ քեռու տղայի հետ գնացել ենք Օվիր (Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն – Tert.am) ներկայացնելու այդ բոլոր փաստաթղթերը, որ կարողանա ստանալ նաև Հայաստանի քաղաքացիություն: Միայն այս հարցի համար՝ ինքնությանը վերաբերող, մարդը նստել պետի սենյակում լաց է եղել: Երանոս Չակր անունով մի հայ տղայից, ով Մալաթիա է ծնվել, հոր անունը` Սարգիս, մոր անունը` Պայծառ, ծննդյան վայրը` Արևմտյան Հայաստան, Սերգեյ անունով մի հատ հայ, պահանջում է փաստել, որ նա հայ է»,– ասաց նա:


«Ես ասում եմ՝ պարո՛ն, դուք ճանաչո՞ւմ եք ասենք Զիմբաբվեից մեկին, որ ունենա Պայծառ անունով մայր և Սարգիս անունով հայր: Ի՞նչ եք ուզում այս մարդուց: Առաջին անգամ գալիս է Հայաստան ու իրան նեղո՞ւմ ես, թե ծագումով հա՞յ ես: Փառք Աստծո, որ ի վերջո Երանոսն ստացավ իր քաղաքացիությունը»,– ավելացրեց Սարգիս Հացպանյանը։


Նրա վստահեցմամբ՝ ոչ բոլոր դեպքերում են երկքաղաքացիության համար դիմողները կարողանում ներկայացնել պահանջվող փաստաթղթերը: Թուրքիայում ապրում են հայեր, որոնք իսլամ են դավանում, կան նաև հեթանոս հայեր և քանի որ ինքնությունը հաստատող փաստաթուղթն այս դեպքում համարվում է եկեղեցու կողմից տրամադրած մկրտության վկայականը, ապա իսլամացած հայերը զրկվում են ընդունված ընթացակարգով երկքաղաքացիություն ստանալու իրավունքից:


Սարգիս Հացպանյանը ցանկություն ունի լրատվամիջոցների օգնությամբ պատկան ատյանների ուշադրությունը հրավիրել մեկ այլ հարցի վրա ևս: «Ես կուզեմ նորից վերադառնալ պոլսահայ իմ ծանոթ ընտանիքին, որոնք այդպես էլ տխուր վերադարձան Պոլիս: Մի՞թե Արտգործնախարարությունում չկար մեկը, որ Վլադիմիր անունով պաշտոնյային փոխարիներ, մինչև նա կգար արձակուրդից: Չկա՞ր մեկը, որ կարողանար պատասխանել Պոլսեն հայրենիք եկած մարդկանց հարցերին, որ չասեր նրանց՝ նորի՛ց եկեք, որովհետև պարոն Կարմիրշալյանը սեպտեմբերի 4-ին նոր կգա արձակուրդից»,- հավելեց Սարգիս Հացպանյանը: