Սիրիայի հեռուստատեսությունը ցուցադրել է ապստամբների մոտ հայտնաբերված քիմիական նյութերը

17:16 • 30.08.13

Սիրիայի պետական հեռուստատեսությունը ցույց է տվել շաբաթ օրը Դամասկոսի արևելքում գտնվող Ջոբար արվարձանում ապստամբների մոտ հայտնաբերված քիմիական նյութերն ու բժշկական պրեպարատները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

 

Հեռարձակված կադրերում երևում են մի քանի պլաստիկ շշեր, սպիտակ փոշով պարկեր, գազի մետաղաբալոններ, նռնակներ և հակագազերով տուփեր: Կանաչ գույնի երկու մետաղական տարաների վրա արաբերեն գրություն կա՝ «Պատրաստված է Սաուդյան Արաբիայում»: Հեռուստաընկերության օպերատորը հեռուստադիտողների ուշադրությունն է հրավիրում ներարկիչների և դրանց համար ասեղների արտադրությամբ զբաղվող կատարա-գերմանական QG ընկերության արտադրության ներարկիչների տուփի վրա:

 

Ցուցադրվել են նաև երկու փաթեթներ ներարկումների համար բժշկական պրեպարատի ամպուլաներով, որոնք հեռուստաընկերության օպերատորի խոսքով՝ ամերիկյան արտադրության էին: Դեղերի անունները չեն հստակեցվում:

 

Ավելի վաղ հեռուստաընկերությունը հայտնել էր, որ Ջոբարում հայտնաբերվել է թունավոր նյութերով և քիմիական թունավորումների բուժման համար հակաթույներով պահեստ:

 

Հեռուստաընկերության տեղեկություններով՝ Ջոբարում այժմ մարտեր են ընթանում սիրիական բանակի և ապստամբների միջև: