ՅՈւՆԵՍԿՕ-ն կոչ է արել դադարեցնել Սիրիայի մշակութային ժառանգության ավերումը

12:27 • 30.08.13

ՄԱԿ-ի Կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպության՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան կոչ է արել Սիրիայի հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերին պահպանել երկրի մշակութային ժառանգությունը և ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները հետագա ոչնչացումը կանխելու համար:

 

Սիրիայի ժառանգությանն արդեն լուրջ վնաս է հասցվել, ավերվել են այնպիսի վայրեր, ինչպիսին Հալեպի պատմական շուկան է:

 

ՅՈւՆԵՍԿՕ-ն նշել է, որ աշխատելու է երկրի 6 համաշխարհային ժառանգության վայրերի, հնագիտական տարածքների և շարժական ժառանգության, այդ թվում՝ թանգարանների և այլ հավաքածուների մասին իրազեկելու ուղղությամբ:


Կազմակերպությունը փորձում է նախազգուշացնել մաքսային ծառայություններին և արտ-դիլերներին գողացված ժառանգության մասին, որպեսզի նրանք հարգեն Զինված հակամարտության ժամանակ մշակութային սեփականության պահպանման մասին կոնվենցիան: