Ամերիկացիներին թողել են առանց սիրելի սննդի. արագ սննդի ոլորտի աշխատակիցները կազմակերպել են ամենախոշոր գործադուլը (տեսանյութ)

14:58 • 30.08.13

Ամերիկայի միաժամանակ մի քանի տասնյակ քաղաքներում գործադուլ են անում արագ սննդի ռեստորանների աշխատակիցները՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձը։ Արհմիությունների ղեկավարների կարծիքով՝ այս բողոքը կարող է դառնալ ամենախոշորը ոլորտի պատմության մեջ, գրում է Russia Today-ը:

 

Գործադուլի մասնակիցները պահանջում են, որպեսզի իրենց յուրաքանչյուր ժամի համար վճարեն 15 դոլար։

 

«Fast Food Forward» կարգախոսով ցույցին աջակցում են McDonald's-ի, Burger King-ի, Wendy's-ի և KFC-ի աշխատակիցները։

 

«Այն գումարով, որը մենք ենք ստանում, հնարավոր չէ ապրել։ Դա չի բավականացնում նույնիսկ մթերքին, ուղևորատոմսին և անհրաժեշտ հաշիվները փակելուն։ Իսկ ինչպե՞ս վարվեն այն մարդիկ, որոնք պետք է մի քանի երեխա կերակրեն»,- Նյու Յորքում ասել է ցուցարարներից մեկը։

 

McDonald's-ի և Burger King-ի ղեկավարությունները հրաժարվել են մեկնաբանել իրավիճակը։ Այնտեղ նշել են, որ սպասարկման կետերի մեծ մասն աշխատում են ֆրանշիզով և աշխատավարձի բարձրացումը մինչև 15 դոլար լրջորեն կվնասի սեփականատերերին և կհանգեցնի գների բարձրացման։