Աշտարակում մեքենան գլորվել է ձորը, վարորդի վիճակը ծանր է
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 15.21-ին, ահազանգ է ստացվել, որ Աշտարակ–Ագարակ ավտոճանապարհի 4-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ, դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ 2107» մակնիշի 35PO518 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորակը:
Հրշեջ–փրկարարները շտապօգնության աշխատակիցների հետ համատեղ ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Բ. Խ.-ին (1980 թ.), ով տեղափոխվել է Երևանի «Արմենիա» ԲԿ:
Ըստ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:










