Հայաստանին սպասվում է անապատացում և ընդերքային ջրերի բարձրացում. էկոլոգներ
Հայաստանի ջրային ռեսուրսները, եթե շարունակվեն օգտագործվել ներկայիս ռեժիմով, ապա Հայաստանին սպասվում է անապատացում, ինչպես նաև ընդերքային ջրերի բարձրացում, որը կհանգեցնի ճահճացման, այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց էկոլոգ, լրագրող Գալուստ Նանյանը:
Նա նշեց, որ Արարատյան դաշտում այսօր առկա են 240 ձկնաբուծական տնտեսություններ, որոնք միասին ընդերքից 800 մլն խմ արտեզյան ջրեր են օգտագործում:
«Սևանի մասին օրենքով սահմանված է, որ պետք է Սևանից վերցվի 170 մլն խմ ջուր: Չորս տարին մեկ՝ ընտրություններից առաջ, այդ թիվը հասնում է 300-320 մլն խմ-ի: Ձկնաբույծները տարբեր տարիներին հորատել են աղբյուրները, որ իրենց տնտեսությունները զարգացնեն, բայց որ կորցնում ենք ջրային ավազանը դա արդեն նկատելի է»,– ասաց նա:
Գալուստ Նանյանը տեղեկացրեց, որ նախկինում Էջմիածնի տարածքի գրեթե բոլոր գյուղերում հորատվել էր 50-80 արտեզյան հորեր՝ խմելու, ոռոգման նպատակով օգտագործելու համար: Այսօր դրանց 70%-ը ցամաքել են:
«Մարդիկ սկսել են մակերեսային՝ գրունտային ջրերն էլ օգտագործել: Մոտ տասը տարի առաջ դա նորմալ երևույթ էր, բայց այսօր գրունտային ջրերն էլ են ցամաքել»,- ասաց Գալուստ Նանյանը:
Աշխարհագետ, էկոլոգ Աշոտ Խոյեցյանն էլ նշեց, որ գրունտային ջրերից օգտագործելու համար փորված են տասնյակ հազարավոր հորվածքներ:
«Ամեն մարդ իր տարածքում չունենալով լիցենզիա, փորել է ու օգտագործում է: Մարդիկ ոռոգման ջուր չունեն, նման կերպ են կարող իրենց բույսերը ջրել»,- ասաց նա:
Էկոլոգն ընդգծեց, որ այսօր ամբողջ աշխարհում գոյություն ունի քաղցրահամ ջրի խնդիր, իսկ Հայաստանը քաղցրահամ ջրերի կենտրոն է ամբողջ երկրագնդի վրա, սակայն ռացիոնալ չի օգտագործում դրանք:
«Մենք ունենք Սևանի հիմնախնդիր և այսօր արդեն կարող ենք ասել, որ ունենք Արարատյան ջրային ավազանի խնդիր: Հայաստանը պետք է նոր քաղաքականություն և ստրատեգիա մշակի: Այսօր հայաստանը ձուկ արտահանող երկիր է համարվում: Բայց այդ ձկների աճեցումը կատարվում է ի հաշիվ մեր ձկնային պաշարների»,- ասաց նա:
Գալուստ Նանյանն էլ ընդգծեց, որ Հայաստանում այս խնդիրը հնարավոր չէ լուծել, քանի դեռ օլիգարխները իրենց շահը վեր են դասում և ընդունում այնպիսի օրենքներ, որոնց միջոցով կարողանում են իրենց բիզնեսը հիմնել՝ ի հաշիվ բնության:
լուսանկարը՝hetq.am-ի










