Էկվադորի նախագահն Ասանժին խնդրել է չծաղրել ավստրալացի քաղաքական գործիչներին

14:08 • 31.08.13

Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորեան նամակ է հղել WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին, որում խնդրում է դադարեցնել օգտագործել Լոնդոնում Էկվադորի դեսպանատունը, որտեղ թաքնվում է նա անցյալ տարվանից, ավստրալացի քաղաքական գործիչներին ծաղրելու համար, հայտնում է Russia Today-ը։

 

41-ամյա հաքերը մասնակցում է Ավստրալիայի Սենատի ընտրություններին, որոնք կկայանան սեպտեմբերի 7-ին։ Այդ նպատակով նա թողարկել է իր նախընտրական տեսահոլովակը։ Տեսանյութում Ասանժը նմանակում է Ավստրալիայի քաղաքական գործիչներին։ 

 

«Նա կարող է մասնակցել քաղաքական արշավի, սակայն առանց ծաղրելու ավստրալացի քաղաքական գործիչներին։ Մենք դա թույլ չենք տա»,-ասել է նախագահը։

 

Ասանժը հետախուզվում է ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից՝ գաղտնի փաստաթղթեր գաղտնազերծելու համար, ինչի համար թաքնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը։