Ադրբեջանցիները փորձում են Երևանը ներկայացնել որպես երբեմնի ադրբեջանական քաղաք. Գևորգ Մելքոնյան
Ադրբեջանցի պատմաբանները փորձում են Երևանը միջազգային հանրությանը ներկայացնել իբրև երբեմնի ադրբեջանական քաղաք, այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ԵՊՀ դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Գևորգ Մելքոնյանը, ով օգոստոսի 21-29-ը մասնակցել է Մոսկվայում կայացած ԱՊՀ և Մերձբալթյան երկրների երիտասարդ գիտնականների համաժողովին:
Նա նշեց, որ գիտաժողովին ինքը ներկայացրել է 1915թ-ին Հայոց ցեղասպանության խնդիրը։ Գևորգ Մելքոնյանը նշեց, որ գիտաժողովի ընթացքում Ադրբեջանի պատվիրակությունը զարմանալիորեն լուռ լսել ու չի միջամտել:
«Ադրբեջանի ներկայացուցիչը խոսեց մեր երկրի մասին: Նա ասաց, որ հայերը տեղաբնիկ ժողովուրդներ չէին ու եկել էին Եվրոպայից, հին հունական պատմական աղբյուրներն էին մեջբերում: Այնուհետև ներկայացրին, որ հայերի հիմնական հայրենիքը Արևմտյան Հայաստանի տարածքն է ու միայն Ցարական Ռուսաստանի քաղաքականության հետևանքով է, որ հայերը եկել են Արևելյան Հայաստան ու հիմնվել չակերտներում ասված ադրբեջանական տարածքում»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է նրան, որ նույն համաժողովին ադրբեջանցի պատմաբանը Երևանը համարել է ադրբեջանական քաղաք ու ներկայացրել այնպես, իբր հայերը ադրբեջանցիներից են խնդրել իրենց տալ այդ քաղաքը, բոլոր ներկաների շրջանում ծիծաղ է առաջացրել:
«Բոլորը գիտեին Ուրարտական պատմության մասին, հին ուրարտական մշակույթի մասին: Ի պատասխան լսարանի արձագանքի՝ ասացին մենք ունենք փաստաթղթեր, որ հայերը մեզ դիմել են, ասացին՝ դրանք մեր արխիվներում են, եկեք ու ուսումնասիրեք»,- պատմեց Գևորգ Մելքոնյանը:
Ըստ նրա՝ ադրբեջանցի պատմաբանի մեկ այլ ելույթ ևս ծիծաղի առարկա է դարձել, երբ նա ներկայացրել է իր թեման՝ «Ադրբեջանի հին ցեղերի պատմություն»:
«Ռուս նշանավոր պատմաբաններից մեկը ընդհատեց նրան ու ասաց՝ մինչև սկսելը գոնե երկու ցեղի անուն տվեք: Նա տվեց իրանական ցեղերի անուններ, ռուս պատմաբանը ասաց՝ չենք հասկանում, դուք հիմա ադրբեջանցի եք, թե իրանցի: Այս թեմայով ելույթը տեղի չունեցավ»,- ասաց նա:
Ի տարբերություն այս ամենի՝ Գևորգ Մելքոնյանը ընդգծեց, որ մերձբալթյան երկրները հավատացած են, որ Խոջալուի դեպքերը իրական են, և որ այստեղ հայերը ցեղասպանություն են գործել ադրբեջանցիների նկատմամբ:
«Այստեղ շատ լավ գործել է Ադրբեջանի քարոզչամեքենան, և մենք էլ դասեր պետք է քաղենք այս ամենից: Նրանք գրեթե հավասարության նշան են դնում Սումգայիթի դեպքերի ու Խոջալուի միջև»,- ասաց նա և տեղեկացրեց, որ ադրբեջանցիները այս համաժողովի ընթացքում ոչ մի բառ չեն խոսել Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին, քանի որ հասկացել են, որ պատրաստված լսարան է և պատմական դեպքերին տիրապետում է:










