Նելսոն Մանդելան դուրս է գրվել հիվանդանոցից
Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելան հիվանդանոցում թոքային վարակի երկարատև բուժումից հետո վերադարձել է Յոհանեսբուրգում գտնվող իր տուն, գրում է ria.ru-ն՝ հղում անելով BBC-ին:
SkyNews հեռուստաընկերության տեղեկություններով՝ Մանդելայի դուրս գրվելու մասին պատմել է նրա աղջիկը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Մանդելան հոսպիտալացվել էր հունիսի սկզբին թոքային վարակի պատճառով: Երկրի նախագահ Ջեյքոբ Զումայի գրասենյակը մշտապես հաղորդել է Մանդելայի վիճակի մասին, որը ծանր էր, սակայն կայուն կերպով բարելավվում էր: Վերջին պաշտոնական հայտարարությունն արվել է օգոստոսի 24-ին:
Նելսոն Մանդելան Հարավաֆրիկյան Հանրապետության առաջին սևամորթ նախագահն է եղել: Նա ղեկավարել է պետությունը 1994 թվականից մինչև 1999 թվականն ընկած ժամանակահատվածում: Ռասայական խտրականության դեմ իր ակտիվ գործունեության համար նա 27 տարի անցկացրել է բանտում: 1993 թվականին Մանդելային Խաղաղության Նոբելյան մրցանակ է շնորհվել:










