Բակո Սահակյանը Անջեյ Կասպշիկի հետ քննարկել է ԼՂ խնդիրը, անդրադարձել հայ ռազմագերու հարցին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին, տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում, ինչպես նաև Արցախի և Ադրբեջանի սահմանում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:
Բակո Սահակյանն Ադրբեջանի կողմից վերջերս ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի գերության մեջ հայտնվելը քաղաքական շոուի վերածումը համարել է սադրիչ քայլ, որը խախտում է բարոյականության և միջազգային իրավունքի նորմերն ու դրույթները:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ նման քաղաքականությունը մեծ հարված է հասցնում հակամարտության խաղաղ կարգավորմանը և այս համատեքստում կարևորել է միջազգային հանրության համարժեք արձագանքը:










