ԼՂՀ նախագահը պետական պարգևներ շնորհելու մասին հրամանագիր է ստորագրել

11:29 • 31.08.13

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագրեր ԼՂՀ պետական պարգևներով պարգևատրելու մասին, տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

 

Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական արիության համար «Արիության համար» մեդալով պարգևատրվել է 5 հոգի, որից 4-ը` հետմահու:

 

Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության համար «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրվել է 135 հոգի, որից 8-ը` հետմահու:

 

Ազգային անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի համար «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրվել է 2 հոգի:


Պետական շինարարության, տնտեսության, մշակույթի, կրթության ու տեղեկատվության ոլորտներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար «Մխիթար Գոշ» մեդալով պարգևատրվել է 2 հոգի, «Վաչագան Բարեպաշտ» մեդալով` 3 հոգի, «Երախտագիտություն» մեդալով` 23 հոգի:

 

Նախագահը ստորագրել է նաև կարգադրություն` ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար 2 հոգու արժեքավոր նվերներ՝ հեռուստացույցներ, հանձնելու մասին: