Հայաստանը Եվրոպային առաջարկում է «Ավելի լավ է ինչ-որ բան, քան ոչինչ» բանաձևը
Եվրոպական ժողովրդական կուսակցության` ԵԺԿ-ի Քաղաքական վեհաժողովին մասնակցելու նպատակով այսօր Բրյուսել մեկնած հայաստանյան պատվիրակությունից Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ելույթ ունենալով վեհաժողովում ասել է, որ Հայաստանը ունի Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրելու ցանկություն, սակայն եթե այն հնարավոր չէ նախաստորագրել Խորը ազատ և համապարփակ առևտրի համաձայնագրի շրջանակներում, ապա առաջարկվել է Ասոցացման համաձայնագիրը վերամշակել և նախաստորագրել առանց ԽՀԱԱԳ համաձայնագրի: Այս մասին Բրյուսելից Tert.am-ին հայտնեց Արմեն Աշոտյանը:
Պատասխանելով Մաքսային միությանը միանալու վերաբերյալ եվրոպացի գործընկերների տարաբնույթ մեկնաբանություններին, ՀՀԿ փոխնախագահը առաջարկել է «ավելի լավ է ինչ-որ մի բան, քան ոչինչ» բանաձևը` ի հակադրություն «ամեն ինչ քաղաքականության մեջ» բանաձևին: Նա ընդգծել է, որ «ամեն ինչ քաղաքականության մեջ», այն էլ՝ խոշոր քաղաքականության մեջ, բանաձևը չի աշխատում, կենսունակ չէ և կենսունակ չէ նաև մեր տարածաշրջանում:
Արմեն Աշոտյանի մեկնաբանությամբ` այս բանաձևը նշանակում է, որ մեր երկիրը պատրաստ է եվրոպական հանրույթի հետ լայնածավալ համագործակցության, իսկ եթե այդ համագործակցության սահմանները կնեղացվեն ինչ-ինչ տեխնիկական պատճառներով, ապա «վստահաբար Հայաստանի և ԵՄի-ի միջև քաղաքական օրակարգը կարող է լինել համատեղ և ենթադրել մեր երկրի հետագա խորքային բարեփոխումներ և ժողովրդավարացում»:
Իսկ ԵԺԿ-ի Քաղաքական վեհաժողովին մասնակցելու նպատակով Բրյուսել մեկնած հայաստանյան պատվիրակության մյուս անդամը` Աժ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն իր ելույթում կարևորել է այն հանգամանքը, որ Հայաստանի համար ընդունելի չէ աշխարհը երկու ճամբարների բաժանելը: Նա նշել է, որ Հայաստանի բարեկամները, որոնք շատ լավ հասկանում են Հայաստանի վիճակը`փակ սահմանները, հակամարտությունը, բնականաբար, պետք է շատ լավ գիտակցեն նաև, թե ինչպիսի ընտրություն ենք կատարել:
Հայաստանի քաղաքական որոշման հետ կապված տարաբնույթ մեկնաբանությունների առնչությամբ Արտակ Զաքարյանը որոշումը հիմնավորել է անվտանգության հիմնախնդիրներով, ընդգծել, որ Հայաստանը միշտ բաց է եղել բոլոր միջազգային հարթակներում, բայց համակողմանի և բազմասպեկտր քաղաքականություն վարելով՝ «երբեք չենք կարող անտեսել մեր ռազմավարական շահերը»: ՀՀԿ-ական պատգամավորը հայտարարել է, որ հետայսու ևս Հայաստանը փորձելու է բոլոր կողմերի հետ վարել հենց այսպիսի քաղաքականություն:
«Հետևաբար ներկայացված որոշումը պետք է ընդունվի հարգանքով նաև եվրոպական մեր գործընկերների կողմից»,- ասել է Արտակ Զաքարյանը:
Երկու բանախոսներն էլ ընդգծել են, որ սա այն ընտրությունն է, որը բխում է Հայաստանի Հանրապետության ազգային շահերից:
Արմեն Աշոտյանն այս առնչությամբ հավելել է, որ ՀՀ նախագահի որոշումը կայացված է՝ հաշվի առնելով, համադրելով բազմաթիվ հանգամանքներ ու գործոններ և «ելնելով Հայաստանի և իր քաղաքացիների համար ամենաբարենպաստ տարբերակը ընտրելու գերակայությունից»:
ԵԺԿ-ի հանրապետական գործընկերները հավաստիացրել են, որ որևէ միջամտության և ճնշումների մասին խոսք լինել չի կարող: «Եվ այս որոշման տակ որևէ աշխարհաքաղաքական անդրկուլիսյան ճնշումներ փնտրելը ապարդյուն է»,- ասել է Արմեն Աշոտյանը:
Իսկ Արտակ Զաքարյանն էլ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հետխորհրդային տարածքում վատ իրավիճակում գտնվող, փակ սահմաններ ու հակամարտության խնդիր ունեցող պետությունների կենսական շահերը պետք է ոչ միայն հաշվի առնվեն եվրոպացի գործընկերների կողմից, այլև դրանք դիտարկվեն այդ տեսանկյունից և ոչ թե արժանանան էմոցիոնալ գնահատականների:
Բանախոսներն ընդգծել են, որ ՄՄ-ին անդամակցելու որոշումը չի փակում Հայաստան-ԵՄ համագործակցություն ճանապարհը, ինչն ընդգծել էր նաև նախագահ Սերժ Սարգսյանը` Մոսկվայում:
Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել եվրոպացի գործընկերներին նախկինում ցուցաբերված և ցուցաբերվող աջակցության և Հայաստանում իրականացված բազմաթիվ լայնածավալ բարեփոխումները հաջողությամբ ավարտին հասցնելու համար:
«Եվ նոր բարեփոխումներ շրջանակներում մենք ակնկալում ենք եվրոպացի գործընկերների հետ շարունակական աշխատանք՝ տարբեր ձևաչափերով: Ինչպես նաև ընդգծեցի, որ Հայաստանի քաղաքական օրակարգում մնան քաղաքական բարեփոխումների առաջնահերթությունները` ժողովրդավարության, ազատ խոսքի, մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների զարգացում, և այս ամենը կատարելիս ապագայում ևս ակնկալում ենք մեր եվրոպացի գործընկերների աջակցությունը»,-ներկայացրեց Արմեն Աշոտյանը:
Ի պատասխան հարցի, թե եվրոպացի գործընկերները զարմացած չէի՞ն Հայաստանի կտրուկ որոշումից, Արմեն Աշոտյանն ասաց. «Խոստովանեմ, որ շատ-շատերի համար նման հայտարարությունը զարմանալի էր, թեպետ իրադարձությունների ավելի տևական ժամանակ հետևող փորձագետները զարմացած չէին, որովհետև արդեն Քիշնևում, որտեղ տեղի ունեցավ ԵԺԿ գագաթաժողովը, ՀՀ նախագահը՝ Հանրապետական կուսակցության ղեկավարը, իր ելույթներից մեկում շեշտել էր, որ մեզ չի կարելի պարտադրել «կամ, կամ»-ի բանաձև, որովհետև այն հաշվի չի առնում շատ ավելի բարդ գործոններ, ինչպիսին է մեր անվտանգությունը՝ ռազմական անվտանգությունը, էներգետիկ անվտանգությունը»:
Արտակ Զաքարյանն էլ ընդգծեց, որ ԵԺԿ-ն, լինելով տարբեր կուսակցություններից բաղկացած կառույց, ունի տարբեր տեսակետներ ունեցող կուսակցությունների ներկայացուցիչներ:
Վեհաժողովի շրջանակներում նրանք երկկողմ քաղաքական հանդիպումներ են ունեցել եվրոպական վերնախավի որոշ ներկայացուցիչների հետ:










