ԼՂՀ–ում Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցության լուրը ընդունել են շատ նորմալ. Դավիթ Բաբայան
Հայաստանը ինքնիշխան պետություն է, և պաշտոնական Երևանը Մաքսային միությանն անդամակցելու իր որոշման մասին նախապես չի տեղեկացրել պաշտոնական Ստեփանակերտին, որը այս որոշումը ընդունում է շատ նորմալ:
«Եվ չեմ կարծում, որ այդ քայլը վնաս է հայկական պետականությանը կամ մեր ժողովրդի շահերին կամ Արցախի շահերին»,- այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Նա նշեց, որ պաշտոնական Ստեփանակերտը որևէ ձևով չի փորձում քաղաքականացնել այս հարց, ոչ էլ կարծում է, որ դա կարող է վնասել Հայաստանի կամ Արցախի անկախությանը կամ աշխարհաքաղաքական հետևանքներ ունենալ։
«Հայաստանը շարունակում է իրագործել իր արտաքին քաղաքականությունը և այդ տեսանկյունից ես չեմ կարծում, որ այդ քայլը ուղղակի փակում է դռները մնացած երկրների հետ համագործակցության համար: Սա մի տարբերակ է, որը ինձ թվում է՝ բավականին քննարկված է եղել, այսպես ասած՝ կողմ և դեմ հանգամանքները հաշվի են առնվել և ընդունվել է նման որոշում»,- ընդգծեց Դավիթ Բաբայանը՝ ի պատասխան հարցի, թե Ստեփանակերտում, նաև պաշտոնական Ստեփանակերտում ինչպե՞ս են ընդունել ՀՀ-ի՝ Մաքսային միությանն անդամակցելու լուրը:
ԼՂՀ նախագահի խոսնակը, ի պատասխան դիտարկման, որ տպավորություն կա,թե որոշումը համակողմանի քննարկված է եղել, մինչդեռ ըստ հայաստանյան մամուլի՝ իրենց հանրապետականների համար է անսպասելի եղել, Դավիթ Բաբայանն ասաց, որ նման որոշումներն ուղղակի չեն կարող չքննարկվել և որ մամուլը իրողությունները շատ ավելին է քաղաքականացնում, քան պետք է:
«Եվ հարկավոր է ավելի հանգիստ մոտենալ, ավելի սառնասրտորեն, կրքոտ հայտարարություններ են անում, ինչը ինձ համար քիչ հասկանալի է»,- ասաց նա:
Ի պատասխան հարցի, թե Լեռնային Ղարաբաղում և՞ս կան արևմտամետ և ռուսամետ քաղաքական դիրքորոշում ունեցող քաղաքական գործիչներ և ըստ այդմ՝ ինչպե՞ս են արձագանքում, Դավիթ Բաբայանը հայտարարեց.«Ես չեմ ընդունում այդպիսի մոտեցումը, ի՞նչ է նշանակում՝ ռուսամետ կամ արևմտամետ: Մենք ուղղակի պարտավոր ենք վարել կոմպլեմենտար քաղաքականություն: Մենք սփյուռքային ժողովուրդ ենք: Դժբախտաբար ավելի շատ հայեր Ցեղասպանության հետևանքով, ավելի շատ ապրում են դրսում, և մենք սփյուռքային ժողովուրդ ենք: Հետևաբար, պարտավոր ենք լավ հարաբերություններ ունենալ այն երկրների հետ, որտեղ կա մեծ հայկական սփյուռք: Մենք օրինակ՝ չենք կարող վատ հարաբերություններ ունենալ ԱՄՆ-ի հետ, Նույնկերպ չենք կարող վատ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, քանի որ ամենից մեծ հայկական գաղութն այնտեղ է ապրում»:
Իր խոսքը Դավիթ Բաբայանն ամփոփեց ասելով.«Մի հատ նայեք մեր աշխարհագրական դիրքին»:
Ի պատասխան դիտարկման, որ կոմպլեմենտարիզմը ասիմետրիկ է լինում և ամբողջ հարցը համադրությունների մեջ է, ԼՂՀ խոսնակն ասաց.«Չէ, կարծում եմ՝ դա օգուտ է (ՄՄ-ին միանալը) առաջին հերթին Հայաստանին, հաշվի առնելով մի շարք իրողություններ մենք ԵՄ հետ մեր հարաբերություններն այնպես պետք է պահպանենք՝ տնտեսական, քաղաքական, մշակութային և նույնը անենք նաև ՌԴ-ի հետ: Եվ դրա ապացույցը տարածաշրջանն է, թե ինչպիսի հարևաննե՞ր ունենք: Եվ այս ամենը ուղղակի պարտավորություն է, որ նորմալ հարաբերություններ ունենանք Ռուսաստանի հետ»:
Որպես ամփոփում, Դավիթ Բաբայանն անթույլատրելի համարեց մեկը մյուսի հաշվին հարաբերությունները զարգացնելը:
Իսկ ի պատասխան հարցի էլ, թե կներառվի՞ Ղարաբաղը Մաքսային միությունում, Ստեփանակերտի խոսնակն ասաց, որ այս հարցում պետք է մի քիչ սթափ լինենք, հեռու մնանք «կրքոտ բաներից»:
Նա արձանագրեց, որ Արցախի Հանրապետությունը չճանաչված պետություն է, և անկախ նրանից՝ Հայաստանը դառնո՞ւմ է Մաքսային միության, թե ԵՄ անդամ, թե ա՞յլ կառույցի, միջազգային հանրությունն ինքը դեռևս չի մշակել մեխանիզմներ չճանաչված պետությունների հետ փոխհարաբերվելու համար:










