Դավաճանելով ԵՄ-ին՝ Հայաստանն «ամուսնացավ» Մոսկվայի հետ. The Wall Street Journal
Ամերիկյան հեղինակավոր The Wall Sreet Journal պարբերականն անդրադարձել է Հայաստանի՝ մեծ իրարանցում առաջացրած քայլին՝ Մաքսային միությանը միանալու որոշմանը՝ այն բնորոշելով որպես «դավաճանություն ԵՄ-ին, և ամուսնություն Մոսկվայի հետ»։
Հոդվածագիրներ Նաֆթալի Բենդավիդն ու Լոուրենս Նորմանը նկատում են, որ եվրոպացի դիվանագետները պարզապես ապշած են մնացել, երբ օրեր առաջ հայտնի է դարձել, որ մինչ այդ ԵՄ-ի հետ իր կապերն ամրապնդելուն ձգտող Հայաստանն ընտրել է Ռուսաստանն ու կմիանա Մաքսային միությանը։
«Այսպիսով՝ տարածաշրջանում ազդեցության համար մղվող պայքարում Կրեմլը հաղթեց Բրյուսելին։ Մնում է միայն մի հարց. արդյոք Հայաստանի որոշումն ինչ-որ կերպ կազդի՞ նախկին խորհրդային պետությունների որոշումների վրա՝ կապված Ռուսաստան-ԵՄ ընտրության հետ»,-գրում են նրանք։
Հոդվածագիրները նշում են, որ Հարավային Կովկասում գտնվող փոքրիկ երկիրը պատրաստվում էր նոյեմբերին Վիլնյուսում նախաստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, որով Հայաստանի առևտրային կապերը Եվրոպայի հետ կամրապնդվեին, ինչպես նաև մի շարք ժողովրդավարական բարեփոխումներ կիրականացվեին։
«Սակայն Պուտինը ճնշում գործադրեց Ռուսաստանի ու ԵՄ-ի միջև ընկած երկրի վրա, որպեսզի այն անդամակցի ռուսական ծագում ունեցող միությանը։ Եվ թեև Պուտինը վստահեցրել է, որ դա Հայաստանի որոշումն էր, այնուհանդերձ Բրյուսելը չի կասկածում, որ Երևանի անսպասելի պահվածքը պայմանավորված է նրանով, որ Մոսկվան գների բարձրացմամբ պատժեց Հայաստանին՝ ԵՄ-ի հետ ավելի մտերմանալու ցանկության պատճառով »,-շարունակում են հոդվածագիրները՝ հիշեցնելով, որ Հայաստանին բնական գազ է մատակարարում հենց Ռուսաստանը, որն էլ որոշում է վառելիքի գինը։
Անդրադառնալով հայկական կողմի քայլի վերաբերյալ եվրոպացի դիվանագետների արձագանքին՝ հոդվածագիրները ներկայացնում են մի քանի կարծիք։
Արևմտյան մի դիվանագետի կարծիքով՝ «Հայաստանը, բանակցելով ԵՄ-ի հետ, մեծ հավատ է ունեցել, սակայն այդ երկիրն ինքն էլ չի ակնկալել, որ Ռուսաստանի կողմից ճնշումն այդքան մեծ է լինելու»։ Նա նաև հավելել է, որ ԵՄ-ն կշարունակի աշխատանքը Հայաստանի հետ, և վերջինը դեռևս կարող է իր քաղաքական վեկտորը փոխել։
Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի լեհ անդամ Յացեկ Սարյուս Վոլսկին ասել է.«Այն, որ Հայաստանի վրա ճնշում է գործադրվում, նորություն չէ, և մենք այդ մասին գիտեինք։ Սակայն այն, որ Հայաստանը կտրվի այդ ճնշումներին ու կփոխի իր որոշումը, արդեն մեծ անակնկալ էր։ Այս ամենում մտահոգում է այն, որ Հայաստանի որոշումը կարող է դոմինոյի ազդեցություն ունենալ բոլոր երկրների համար, ովքեր կանգնած են Ռուսաստան-ԵՄ ընտրության առաջ»,-նշել է Վոլսկին։










