Սիրիական խնդիրը չունի ռազմական լուծում. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

10:46 • 06.09.13

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը սեպտեմբերի 5-ի երեկոյան հայտարարել է, որ սիրիական խնդիրը չունի ռազմական լուծում, գրում է lenta.ru-ն: Միջազգային կազմակերպության ղեկավարը, ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգի G20 գագաթնաժողովին, ընդգծել է, որ զենքի նոր մատակարարումները կոնֆլիկտի ցանկացած կողմին անընդունելի են:

 

Միևնույն ժամանակ, Բան Կի Մունը հայտարարել է, որ Սիրիայում ենթադրվող քիմիական հարձակմանը ցանկացած պատասխան պետք է լինի ՄԱԿ-ի կանոնադրության շրջանակներում, և առաջարկել է հնարավորինս շուտ կազմակերպել սիրիական հարցին նվիրված ժնևյան համաժողովը:

 

Այս հայտարարությունն արվել է, երբ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի միջոցով սիրիական կոնֆլիկտի լուծումը հայտարարել է անհնարին՝ Ռուսաստանի դիրքորոշման պատճառով, հաղորդում է Agence France-Presse-ը: ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Սամանթա Փաուերը հայտարարել է, որ Ռուսաստանն իր դիրքորոշմամբ «պատանդ է պահում» ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և խուսափում է իր միջազգային պարտավորությունների կատարումից: