Ամերիկացի սենատորը հրաժարվել է քննարկել Սիրիայի հարցը Ռուսաստանի պատվիրակության հետ

09:34 • 06.09.13

ԱՄՆ-ի Սենատի դեմոկրատների առաջնորդ Հարի Րիդը մերժել է ռուսական պատվիրակության հանդիպման առաջարկը Սիրիայի հարցով տարաձայնությունների պատճառով, գրում է Взгляд-ը՝ հղում անելով CNN հեռուստաընկերությանը:

 

ԱՄՆ-ում ռուսական դեսպանության ներկայացուցիչը չի մեկնաբանել Կոնգրեսի անդամների մերժումը, նա ընդամենն ասել է, որ ռուս օրենսդիրների այցի հետ կապված պատրաստությունները շարունակվում են:

 

Հինգշաբթի Հարի Րիդը պատրաստակամություն էր հայտնել աջակցություն ցուցաբերել երկու երկրների խորհրդարանականների խորհրդակցությունների կազմակերպմանը:

 

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները նույնպես մերժել է ռուս խորհրդարանականների պատվիրակության հետ հանդիպման առաջարկը:

 

Երկուշաբթի օրը Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն և Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինն առաջարկել էին նախագահ Վլադիմիր Պուտինին բանակցություններ անցկացնել Ռուսաստանի և ԱՄՆ-ի խորհրդարանների միջև սիրիական ճգնաժամի լուծման համար: