Լուրջ զարգացումներ կլինեն, Եվրոպան պատրաստ չէ զիջել Հայաստանը. Վահագն Խաչատրյան

10:56 • 06.09.13

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանի կարծիքով՝ առաջիկայում միանշանակ լուրջ զարգացումներ կլինեն Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու և միաժամանակ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների հետ կապված վերջնական որոշում կայացնելու հարցում։ Ըստ նրա՝ Եվրոպան պատրաստ չէ զիջել Հայաստանը։


«Միանշանակ, լուրջ զարգացումների պետք է սպասել։ Կարևոր հարցն այն է, որ պետք է այդ բանակցությունները սկսեն կամ չսկսեն և ի վերջո արդեն նոյեմբերի 29-ին (Վիլնյուսում Հայաստանը պատրաստվում է նախաստորագրել Ասոցացման համաձայնագիրը) կերևա։ Իմ կարծիքով չի բացառվում, որ հայկական կողմը որևէ փաստաթուղթ ստորագրի եվրոպացիների հետ, իհարկե, ոչ տնտեսական։ Հնչած արձագանքներից հասկանալի է դառնում, որ Եվրոպան պատրաստ չէ զիջել Հայաստանը»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։


Թե ինչքանո՞վ է համատեղելի Մաքսային միությունը Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրի հետ, Վահագն Խաչատրյանը հստակ ասել չի կարող։ «Չեմ կարծում, որ այսօր որևէ մեկը կարող է ասել, թե իրականում դրանք որքանով են համատեղելի։ Դա այն մարդկանց պետք է հարցնել, ովքեր այդ միությունների անդամներ են, առավել ևս, որ այդ փաստաթղթերը ոչ ոք չի տեսել։ Մեզ մնում է համբերատար սպասել, թե Հայաստանի իշխանություններն ի՞նչ պատասխան կտան ԵՄ ներկայացուցիչներին և ի՞նչ արձագանք կհնչի ԵՄ-ից»,- ավելացրեց նա։


Հարցին, թե օրինակ տեսակետը, որ Հայաստանը մտնելով Մաքսային միություն՝ չի կարող ինքնուրույն որոշում կայացնել ազատ առևտուր իրականացնելու համար, Վահագն Խաչատրյանը արձագանքեց. «Ինչքանով ես եմ տեղյակ, նման սահմանափակումներ չկան Մաքսային միության դեպքում, մյուս կողմից Եվրոպական տարբեր պաշտոնյաններ իրար հակասող բաներ էին ասում, մեկն ասում էր համատեղելիությունը հնարավոր է, մյուսն ասում էր բացառվում է։ Այդ պատճառով եմ ասում, որ այսօր որևէ մեկը չի կարող հստակ պատասխան տալ, բացի այդ երկու կազմակերպության ներկայացուցիչներից, ովքեր տիրապետում են նաև իրենց կանոնակարգին ու բոլոր պայմանավորվածություններին»։


Թե ի՞նչ զարգացումներ կլինեն, ՀԱԿ անդամի խոսքով, ամեն ինչ կախված է Եվրոպայի որոշումից, որն ըստ նրա, կլինի ոչ թե տնտեսական, այլ քաղաքական։ «Ինչ էլ Եվրոպան որոշի, դա քաղաքական որոշում պետք է լինի, տնտեսական որոշում չի լինի։ Հենց դրա համար է, որ էդվարդ Նալբանդյանը գտնվում է Բրյուսելում, բացի այդ էլ եկող շաբաթ լինելու է եվրոպացիների հետ հանդիպում, իսկ քննարկումների թեման, իհարկե, դա կլինի»,-ասաց նա՝ ընդգծելով, որ մինչև հիմա՝ 4 տարվա ընթացքում, համատեղելիության հարցն առանձնահատուկ քննարկման առարկա չի դարձել, որն արդեն առաջ է քաշվել։


«ՀՀ իշխանությունները հավատացնում էին, որ որևէ խնդիր չի կարող լինել, և իրենք պատրաստ են այդ Ազատ առևտրի պայմանագրի նախաստորագրմանը։ Բայց հիմա հանկարծ այդ խնդիրը առաջացավ, թե ինչի եղավ, դրա պատասխանը պետք է ակնկալել այն մարդկանցից, ովքեր այդ գործընթացի մեջ են, որովհետև այդ գործընթացը՝ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները հրապարակային չեն եղել, ինչը ես կարող եմ ասել, որ երկկողմանի՝ ՀՀ-ի և ԵՄ ներկայացուցիչների համաձայնությամբ է եղել և ես թույլ չեմ տա, ինչ-որ չկարդացած փաստաթղթի վերաբերյալ ինչ-որ տեսակետ հայտնել»,- ասաց նա։


Ի պատասխան հարցի, թե Ռուսաստանը թույլ կտա արդյո՞ք Հայաստանին այդ համատեղելիությանը գնալ՝ ելնելով ենթադրվող ճնշումներից, Վահագն Խաչատրյանն ասաց, որ Ռուսաստանն այս հարցում անկանխատեսելի ոչինչ չի արել։


«Շատ էլ կանխատեսելի էր, որ Ռուսաստանը նման քայլ պետք է անի, որովհետև իր համար Մաքսային միությունը քաղաքական հարց է և ոչ թե տնտեսական, և այդ հանգամանքից ելնելով մենք էլ պետք է Ռուսաստանի որոշումները կատարեինք, այսինքն՝ քաղաքական որոշում պետք է կայացնեինք։ Տնտեսական առումով արդեն, թե որքանով են համատեղելի, չեմ կարող ասել, պետք է որ համատեղելի լինի Ռուսաստանի տեսակետից»,- ասաց նա։


ՀԱԿ անդամը նաև նկատեց, որ չպետք է ընդհանրացնել նույն Հայաստանի և Ուկրաինայի անդամակցության հարցը։ «Նախ պետք է տարանջատել, Ուկրաինայի համար Ռուսաստանը լուրջ խնդիրներ ստեղծեց, որովհետև Ուկրաինայից արտահանվող ապրանքների քանակը Ռուսաստան շատ մեծ է, և բացատրությունն այն է, որ շուկայում խնդիրներ կառաջանա, Հայաստանն այդ երկիրը չէ, այստեղ այլ սկզբունքներ պետք է կիրառվեն, ընդհանուր ստանդարտ չկա»,- ասաց նա։