Եվրասիական տնտեսական հանձնաժողովը կդառնա ՀՀ-ի տնտեսական բյուրո, իսկ դրա ղեկավարը՝ տնտեսական Աստված. Հ. Իգիթյան
«Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով Մաքսային միությանն անդամակցելու ՀՀ իշխանությունների որոշման վնասներից, համոզմունք հայտնեց, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը դառնալու է Հայաստանի Հանրապետության տնտեսական բյուրոն, իսկ այդ մարմնի ղեկավար Վիկտոր Խրիստենկոն՝ ՀՀ-ի տնտեսական Աստվածը։
«Ինքը կորոշի, թե որ ապրանքը ինչ տուրք կունենա և ինքը կորոշի Հայաստանի օգուտն ու վնասը»,- ասաց նա՝ ավելացնելով, որ մինչև Մաքսային միությանն անդամակցելու վերջնական ժամկետը՝ մայիսի 14-ը, նոր հանգամանքներ ի հայտ կգան, քանի որ ըստ նրա, ի վերջո մինչև հիմա պատասխան չի տրվել հարցին, թե ինչ տեղի ունեցավ սեպտեմբերի 3-ին՝ Մաքսային միությանը միանալու մասին հայտարարության ստորագրման օրը և ինչու։
«Ինձ համար ՄՄ-ին ՀՀ-ի անդամակցությունը դա կորցրած հնարավորություն է, հիմա գոնե բոլորի համար պարզ է, որ մտնելով ՄՄ-ի շարքերը ՀՀ-ն կորցնում է ԵՄ-ի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը, այն դեպքում, երբ ԵՄ-ի հետ տնտեսական դաշտի մեջ մտնելու հնարավորություններն անսպառ էին»,- ասաց նա։
Հովհաննես Իգիթյանն ասաց, որ ծանոթացել է թվերին, թե ՄՄ-ին անդամակցելու դեպքում ինչքան կլինի ՀՀ-ի տնտեսական շահը։ Ըստ նրա, խոսքը 0,2,- 0,3%-ի մասին է։ Նա նկատեց, որ եթե նույնիսկ Հայաստանն ունենա 5 կամ 7 % աճ, էլի քիչ է։ «Մեզ պետք է առնվազն 50, 70% աճ»,- ասաց նա և ավելացրեց, որ դա անհրաժեշտ է ներկա վիճակից դուրս գալու համար։
Նա նաև նշեց, որ ինքն այսքանից հետո դեռ չի խոսում Հայաստանի համբավի մասին, որը երկիրը կորցրեց արտաքին աշխարհում։ «Դրանում լավագույն դեպքում մեզ խղճում են, որ ճնշումներ են գործել»,-ասաց նա։
Միջազգային փորձագետը նույնիսկ չի էլ կարող ասել, թե իրականում ճնշում եղել է, թե ոչ։ Ըստ նրա՝ դա կարող է ասել միայն նախագահ Սերժ Սարգսյանը, բայց ինքը կարող է վերլուծել, թե կոնկրետ ինչ սպառնալիք կարող է լինել։
Ըստ Հովհաննես Իգիթյանի՝ տնտեսական սպառնալիք չի կարող լինել, քանի որ Հայաստանը այսպես թե այնպես ամեն ինչ տվել է Ռուսաստանին, պարտք գույքի դիմաց հայտնի գործարքից հետո։ Քաղաքական սպառնալիք էլ չի տեսնում, քանի որ ըստ նրա, ՀՀ-ն միջազգային հարցերում քվեարկում է այնպես, ինչպես ՌԴ-ն է ասում։ Ռազմական տեսանկյունից էլ Հովհաննես Իգիթյանը բացառում է, քանի որ Հայաստանը միակ երկիրն է, որից ՌԴ-ն այս հարցում չի դժգոհել, նույնիսկ այն դեպքում, երբ Հայաստանի անվտանգության նույն երաշխավորը՝ Ռուսաստանը, զենք է վաճառել Ադրբեջանին։
«Մնում է այն, ինչի մասին չեն խոսում, բայց ակնարկում են՝ ԼՂՀ-ի հարցը։ Եթե այստեղ է սպառնալիք ներկայացրել, նրա անվտանգության հետ կապված, ապա մի քիչ խնդրում եմ խորը մտածել, քանի որ այդ դեպքում, երբ Ադրբեջանին վաճառվել է մասսայական զենք, ուրեմն պետք է բարձրաձայնել։ Ես չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միությանը միանալուն համաձայնելը և ստորագրումը վերացրեց այդ վտանգը։ Խոսքը ՀՀ-ի և ԼՂՀ-ի անվտանգության հարցի մասին է, որ եթե միացանք, արդյոք այդ վտանգն այլևս չի՞ գալու։ Ո՞վ ասեց, որ Սերժ Սարգսյանը միայնակ կարող է լուծել ԼՂՀ-ի մասը»,- ասաց նա։
Հովհաննես Իգիթյան խոսեց նաև ՄՄ-ում տնտեսություն կառուցվածքի մասին, որը նրա խոսքով՝ նույն սովետական ձևն է։ «Այսինքն՝ որոշ օլիգարխներ էլ չեն էլ թաքցնում, որ գնում ես Ռուսաստան մեկին լավություն են անում կամ ատկատներ ստանում և այլն, որից հետո իրենց թույլ են տալիս, որ էժան ապրանք բերեն։ Իսկ Խորը և համապարփակ ազատ առևտրի դեպքում, Հայաստանը դուրս կգար քաղաքակիրթ շուկա։ Այնտեղ բոլորը գտնվում են հավասար պայմաններում»,- ասաց նա։
Վերջում նա նկատեց, թե ինչ էլ անեն՝ կարևորը արհամարհանքին չարժանանալն է։ «Կարևորը ձեզ չարհամարհեն, այո՛, գուցե, ճնշեն, բայց ոչ արհամարհեն»,-ասաց նա և օրինակ բերեց Մոլդովային, ում ՌԴ-ն ճնշում է, բայց այս երկրի մասին ոչ ոք չի խոսում արհամարհական լեզվով։










