Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին «անկախության օրակարգով» հանրահավաք է հրավիրում

13:36 • 16.09.13

Երևանի քաղաքապետարանը ի գիտություն է ընդունել սեպտեմբերի 20-ի ժամը 18-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին «Ժառանգություն» կուսակցության հայտը: Հանրահավաքը, ինչպես և նախորդը անցնելու է այսպես կոչված անկախության օրակարգով, այս մասին Tert.am–ին հայտնեց «ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:


«Ե՛վ անկախության օրակարգի հետ է կապված, և՛ ընթացիկ այս իրադարձությունների, որ տեղի են ունենում, Հայաստանի արտաքին քաղաքական վայրիվերումներն ընդհանրապես և, մասնավորապես, Մաքսային միությանը միանալու հարցին արձագանքները»,- ասաց Հովսեփ Խուրշուդյանը:


Ի պատասխան հարցի, թե մշտապես օրիգինալ ձեռնարկներով հանդես եկող Րաֆֆի Հովհաննիսյանը հնարավո՞ր է , որ հենց Ազատության հրապարակում խորհրդանշական քվեարկություն կազմակերպի կամ այլ քայլեր ձեռնարկի, կուսակցության մամուլի խոսնակն ասաց, որ «եթե նոր բան լինի» հանրահավաքին հընթացս կտեղեկացվի: