Մթերողները պատրաստ են անսահմանափակ քանակի խաղող ընդունել, բայց գյուղացիները դեռ բողոքներ ունեն

09:01 • 17.09.13

Լուսանկարը՝ Armenianow.com-ի



Հայաստանում այսօր պաշտոնապես մեկնարկում է խաղողի մթերման գործընթացը: Որոշ մթերող ընկերություններ Tert.am-ի հետ զրույցում ասացին, որ պատրաստ են այս տարի անսահման քանակությամբ խաղող մթերել: Սակայն որոշ գյուղացիներ   պայմանագրերի հետ կապված բողոքներ ունեն։

 

Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի այգեգործ Արամ Խաչատրյանն ասում է, որ որոշ այգեգործների հետ 2-3 տարի առաջ կնքված պայմանագրերի ժամկետները լրացել են, սակայն նորերը չեն կնքվել:

 

«Երևանի կոնյակի գործարանի հետ էին պայմանագիր կնքել, բայց էս տարի գործարանը հրաժարվել է նոր պայմանագիր կնքել՝ պատճառաբանելով, որ այս տարի խաղողի իրենց նախընտրած տեսակը չկա»,- ասաց նա:

 

Այն, որ որոշ գործարաններ այս տարի անսահման ծավալով խաղող մթերելու պատրաստակամություն են հայտնել, Պռոշյանի գինու գործարանից հաստատեցին, նաև տեղեկացրին, որ մթերումն իրենք երկու շաբաթ առաջ են սկսել և այդ ընթացքում գործարանի խաղողն են մթերել, իսկ այսօրվանից պաշտոնապես կսկսեն ընդունել բերքը: Գործարանը մթերում կիրականացնի Արտաշատում, Երևանում, Հոկտեմբերյանում և Նոյեմբերյանում: Գինը կլինի ըստ որակի, բայց նվազագույնը կլինի 140-150 դրամի սահմաններում:

 

Ինչ վերաբերում է հերթերին, գործարանից մեզ ասացին, որ դրանք միշտ էլ եղել են, բայց անվտանգություն կա, իրենք մշտական պայմանագրեր ունեն խաղողագործների հետ, և ամեն ինչ կանենք, որ խնդիրներ չլինեն։

 


Արենիի գինու գործարանի տնօրեն Ռաֆիկ Սիմոնյանը Tert.am-ին տեղեկացրեց, որ Վայոց ձորի մարզում խաղողի մթերումը նախնական տվյալներով սկսվելու է հոկտեմբերի 1-ից:

 

«Ընդհանուր բերքն անցած տարվա համեմատ ավելի շատ է լինելու, նույն անցած տարվա գներով կմթերվի, 200-220 դրամ մեկ կիլոգրամը»,- ասաց նա՝ ընդգծելով, որ իրենք միայն խաղողի «Արենի» տեսակն են մթերում, և դա թանկ արժե:

 

Ռաֆիկ Սիմոնյանն ակնկալում է, որ այս տարի մոտ 10-20% ավել բերք կստացվի, բայց խաղողի ընդհանուր որակն անցած տարվա համեմատ ավելի ցածր կլինի: «Եղանակային պայմաններից ելնելով որակն այս տարի ցածր է»,- ասաց նա:

 

Երևանի կոնյակի գործարանի հետ կապ հաստատել հնարավոր չէր, քանի որ սեպտեմբերի 16-ը ոչ աշխատանքային էր։