Իրանում վերականգնվել է Twitter-ի և Facebook-ի հասանելիությունը
Twitter միկրոբլոգային ծառայությունն ու Facebook սոցիալական ցանցը դարձյալ հասանելի են դարձել իրանցի օգտատերերին. տեղեկացնում է Lenta.ru-ն՝ Reuters-ի հղումով։
Ինչպես հաղորդել են ամերիկյան The New York Times և The Washington post թերթերի թղթակիցները Թեհրանում, նրանք հանգիստ կարող են մուտք գործել համապատասխան էջերը։ Հաղորդվում է, որ ցանցեր մուտք գործել կարողանում են նաև հասարակ իրանցիներ, որոնք օգտվում են տարբեր պրովայդերների ծառայություններից։
Twitter-ը և Facebook-ը Իրանում արգելափակվել էին 2009թ.-ի ամռանը, երբ երկրում բողոքի ցույցեր էին սկսվել ընդդեմ վերընտրված նախագահ Մահմուդ Ահմադինեժադին։ Իշխանությունները զգուշանում էին, որ կազմակերպիչները կօգտվեն սոցցանցերից՝ ավելի մեծ թվով մարդկանց փողոց հանելու համար։
Իրանի նոր նախագահ Հասան Ռոհանին, որը սկսել է պաշտոնավարել օգոստոսից, հայտարարել է իսլամական հանրապետությունում կառավարման խիստ սկզբունքներից հրաժարվելու մասին։ Ինքը՝ Ռոհանին հայտարարել էր, որ անհրաժեշտ չի համարում աշխարհում հայտնի կայքերի արգելափակումը։
Սեպտեմբերի սկզբին Իրանի կառավարության որոշ անդամներ հաշիվներ էին բացել Facebook-ում և Twitter-ում։










