ՄԱԿ-ի զեկույցն ապացուցում է, որ Դամասկոսում քիմիական զենքի կիրառման պատասխանատուն Ասադի ռեժիմն է. Լոնդոն
ՄԱԿ-ի երեկ հրապարակած զեկույցից պարզ է դառնում, որ Դամասկոսի մոտ քիմիական զենքի կիրառման պատասխանատուն կարող է լինել միայն Բաշար ալ-Ասադի զորքը. ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, նման հայտարարությամբ է հանդես եկել Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը։
«Ելնելով զեկույցի տեխնիկական մանրամասներից՝ շատ պարզ է, որ միակ կողմը, որը պետք է պատասխանատվություն կրի քիմիական զենքի համար, Սիրիայի ռեժիմն է»,-ասված է նախարարի հայտարարության մեջ։
Նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել նաև ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մարի Հարֆը։ Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի զեկույցը հաստատում է Բաշար ալ-Ասադի ռեժիմի մեղքը քիմիական զենքի կիրառման հարցում։
Երկուշաբթի ՄԱԿ-ի փորձագետները ներկայացրել էին զեկույցը, որում հաստատվել էր օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձաններից մեկում քիմիական զենքի կիրառման փաստը։ Մասնագետների խոսքերով՝ Սիրիայում օգտագործվել է «երկիր-երկիր» տիպի հրթիռ՝ զարին գազով։
Չի բացառվում, որ հրթիռները կարող են ինքնաշեն եղած լինել։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, սակայն, հայտարարել է, որ քիմիական հարձակման մեղավորներին բացահայտելու համար պետք է լրացուցիչ հետաքննություն իրականացնել, քանի որ առկա տվյալները բավարար չեն ռեժիմին պատասխանատու համարելու համար։










