ԱՄՆ-ի ջրամատակարարման համակարգում «ուղեղակեր» ամեոբա է հայտնաբերվել
ԱՄՆ-ի իշխանությունները հայտարարել են, որ Լուիզիանա նահանգի Նոր Օռլեան քաղաքում ջրամատակարարման համակարգում մահացու ամեոբա է հայտնաբերվել, որն այս տարի ավելի վաղ դարձել էր երկու երեխաների մահվան պատճառ, գրում է Russia Today-ը:
Ջերմություն սիրող Naegleria fowleri տեսակի ամեոբան հայտնաբերվել է ջրամատակարարման խողովակում, հաղորդում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի փորձագետները:
N. fowleri մակաբույծը Միսիսիպիում օգոստոսին սպանել էր 4-ամյա և 12-ամյա տղաների՝ հայտնվելով նրանց ուղեղում և քայքայելով կենսական օրգանը: Մասնագետները նշում են, որ այս մակաբույծը կյանքի համար վտանգ չի ներկայացնի, եթե անգամ այն կուլ տան, սակայն այն մահացու ազդեցություն է թողնում, երբ օրգանիզմ է անցնում քթի միջով՝ քայքայելով նյարդային համակարգը:










