«Հերթական խամաճիկը կլինի», «կիսում ենք նախագահի կարծիքը». տեսակետներ գլխավոր դատախազի աշխատանքի և այդ պաշտոնի մասին
Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործունեության, նոր դատախազ նշանակելու մասին երկրի իշխանական և ընդդիմադիր շրջանակներում կարծիքները տարբեր են. իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունում կիսում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կարծիքը, իսկ ընդդիմադիրները կարծում են, որ ով էլ նշանակվի գլխավոր, հերթական խամաճիկը պետք է լինի:
«Մենք չենք վստահում իշխանություններին, որոնք նորմալ բան չեն արել, իսկ թե ում կնշանակեն և ով պետք է իրենց հրահանգներն անվերապահ կատարի, դա ինձ չի հետաքրքրում, հերթական խամաճիկը պետք է լինի»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հայ ազգային կոնգրեսի» անդամ Վլադիմիր Կարապետյանը:
Աղվան Հոսեփյանի աշխատանքը ընդդիմության ներկայացուցիչը գնահատեց վատ: «Նա պատասխանատու է Հայաստանում քաղբանտարկյալների առկայության համար, այսինքն՝ ինքը չի իրականացրել պատշաճ վերահսկողություն այն կառույցների նկատմամբ, որոնք մեղադրանք են ներկայացնում անմեղ մարդկանց»,– ասաց նա:
«Նա փաստացի նպաստել է հարյուրավոր մարդկանց հետապնդումներին և երկար ազատազրկմանը, այդ առումով խիստ բացասական կարծիք ունեմ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ժամանակը պետք է գա և Աղվան Հովսեփյանը պետք է իր արածների կամ հնարավոր է նաև չարածների համար պատասխանատվություն կրի:
ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանն էլ նախկին դատախազի կատարած աշխատանքի մասին ասաց, որ գնահատական տվողը երկրի նախագահ Սերժ Սարգսյանն է:
«Երբ Աղվան Հովսեփյանը հանդիպել է երկրի նախագահին, նախագահը շատ հստակ տվել է այդ գնահատականը, և մենք համակարծիք ենք և կիսում ենք այդ տեսակետը առանց որևէ այլևայլությունների»,-ասաց նա:
Նշենք, որ այդ հանդիպման ժամանակ նախագահը շնորհակալություն էր հայտնել Աղվան Հովսեփյանին՝ երկարամյա ծառայության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար: Սերժ Սարգսյանը հույս էր հայտնել, որ Աղվան Հովսեփյանը տարիների իր փորձառությունն այսուհետ ևս կծառայեցնի հանրային շահերի պաշտպանության և իրավապահպան համակարգի հետագա զարգացման գործին:
Հարցին, թե ինչպիսի հատկանիշներ պետք է ունենա նոր դատախազը, Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Կիսելով և համամիտ լինելով երկրի նախագահի տեսակետի հետ՝ պետք է ասել, որ առաջիկայում նոր մարտահրավերների, նոր պահանջների, փոփոխությունների և բարեփոխումների ժամանակահատված է, ուստի ես կարծում եմ՝ ամենակարևորն այս պարագայում պետք է լինի բարձր պրոֆեսիոնալիզմը և բավականին սկզբունքային բնավորությունը»:










