Բրազիլիայի նախագահը հետաձգել է իր այցն ԱՄՆ` գաղտնալսումների պատճառով

10:10 • 18.09.13

Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը պահել է իր խոստումը և հետաձգել նախատեսված այցն ԱՄՆ, որը պետք է կայանար հոկտեմբերին, հայտնում է ВВС-ն:

 

Այս քայլը կապված է ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների կողմից մի շարք երկրների, այդ թվում` Բրազիլիայի իշխանություններին գաղտնալսելու փաստի հետ:

 

Համապատասխան հայտարարության մեջ նշված է, որ այցը հետաձգվում է, քանի որ լրտեսման գործով հետաքննություն չի սկսվել, և Ռուսեֆը, թերևս, կկարողանա ԱՄՆ այցելել, եթե հարցը «լուծվի համապատասխան ձևով»:

 

Սպիտակ տնից նույն առիթով հայտնել են, որ այցի տեղափոխումը երկու երկրների նախագահների համատեղ որոշումն է, որոնք համաձայնել են, թե երկկողմ հարաբերությունները ոչինչ չպետք է մթագնի:

 

Մամուլում, սակայն, նշվում է, որ Ռուսեֆի արարքը կդիտվի իբրև վիրավորանք, քանի որ նա այս տարի միակ պետության ղեկավարն էր, ում պատիվ էր արվել` Սպիտակ տուն հրավերով: