Մուշում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայում գիշերը 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ինչպես տեղեկացնում է «Հուրրիյեթը», երկրաշարժը զգացվել է Մուշում, Բինգյոլում, Էրզրումում։
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 22 կմ խորության վրա։
Մուշի նահանգապետ Վեդաթ Բույուքերսոյը նշել է, որ երկրաշարժի հետևանքով Թյութեն գյուղի 4 տներում չնչին վնասներ են ի հայտ եկել։ Մարդկային կորուստներ չկան։
Երկրաշարժը բնակիչների շրջանում խուճապի պատճառ է դարձել, շատերը հրաժարվել են գիշերել տներում։ Անձրևոտ եղանակի պատճառով Թուրքիայի Կարմիր մահիկի կազմակերպությունը վրաններ, ծածկոցներ, առաջին անհրաժեշտության պարագաներ է ուղարկել։










